Էջ:Barpa Khachik.djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Առաստաղին վրա լուսեղեն ձողիկները կօրորվեին մեղմորեն: Քաղցր և գաղջ զգայնություն մը դավաճանորեն սպրդեցավ Միհրանի երակներուն մեջ։ Հիշեց այն ժամանակվա Մաննիկը՝ իր վարդագույն, փետուրի նման փափլիկ հագուստով և կղզին՝ իր հանգստավետ վիլլաներով, պարտեզներով, ուրախ և երջանիկ բնակիչներով։ Անկից ի վեր Միհրանը շատ բան տեսած Էր, ավելի շքեղ վիլլաներ, ապարանքներ, պալատներ, ավելի հմտորեն մշակված պարտեզներ, բայց Մեծ կղզին կմնար իր մտքին մեջ որպես մարդկային երջանկության դեռ չի գերազանցված պատկերը։ Այն ատեն Միհրանը մտադրեր Էր հասնիլ, փողի տիրանալ և ինքն ալ ունենալ իր վիլլան, իր պարտեզը, ապրիլ երջանիկ մարդոց կյանքով։ Իսկ այժմ փոքր ամսականով հաշվապահ Էր օտար ֆիրմայի մը Փարիզի մասնաճյուղին մեջ, և այդ փոքր ամսականն ալ կարող Էր կորսնցնել մեկ օրեն մյուսը, քանի որ բազմաթիվ պաշտոնյաներ ճամփեր Էին արդեն՝ գործերը սահմանափակելու հետևանքով։ Բայց ինչո՞ւ ինքը այդ նսեմ կյանքին մեջ զինաթափ չէր զգար ինքզինքը, ինչո՞ւ չէր հաղթահարված, չէր հրաժարած իր գեղեցիկ վիլլան ունենալու երազեն. որովհետև Միհրանը այդ բոլորը կերազեր այլևս ոչ թե միայն իրեն համար, այլ բոլոր աշխատավորներուն համար։ Անիկա համոզված էր, որ նոր բարձրացող դասակարգը՝ պրոլետարիատը, պիտի իրագործեր ամենուն, ամենուն համար շատ ավելին, քան ինչ որ բուրժուազիան իրագործեր էր մի չնչին փոքրամասնության համար։ Ամեն անգամ, որ Միհրանը կմտածեր գալիք օրերու մասին, ոգևորությունը կաճեր իր մեջ. հոգին զեղուն էր ձգտումներով, հույսերով, անհաշիվ հնարավորություններով։ Եվ քանի կուզեր հաշվել իր պատկերացուցած հնարավորությունները, այնքան անոնք կդառնային անհաշվելի… Շքեղ և շողշողուն օր մը կար գալիք օրերու շարքին մեջ, երբ ամբողջ մարդկության վրա նոր արև մը պիտի ծագեր… Ինքը այդ գիտեր, իր ընկերները այդ գիտեին և անսայթաք քայլերով կերթային դեպի այդ օրը։


Եվ ահա հանկարծ Միհրանը մտածումին թելը կորսնցուց։ Անիկա կարճ քունե մը հետո արթնցավ և ուզեց կրկին