կենդանին կարողանայ այդպէս օգտակար գործ կատարելով մարդկանց մեծ ծառայութիւն մատուցանել. բայց այս կայ, որ երկրի մէջ գտնուած կարմիր-ճիճուների թիւն այնքան մեծ է, որ կարծէք ստորերկրեայ մի զօրաբանակ լինի։
Դաշտի իւրաքանչիւր քառակուսի արշին տեղի վրայ բնակւում են քչիցը երեք հատ ճիճու. այգում երկու անգամ աւելի է դաշտում եղածից։ Մի դեսեատին (2400 ք. ս. կամ մօտ 1¼ օրավար) դաշտի վրայ ապրում են մօտաւորապէս 75-հազար ճիճու, որոնք մի տարուան ընթացքում ամեն մի դեսեատին դաշտի վրայ հազար փթից աւելի հող են դուրս ձգում, որ իւրաքանչիւր քառակուսի արշին տեղին երկու գրվանքայ է գալիս։
Դարվինը հաշուել ու իմացել է որ կարմիր-ճիճուների արտաթորութիւններից ամեն հինգ տարում մի բթաչավ (դիւիմ) հաստութիւն ունեցող հողի շերտ է գոյանում երկրի վրայ, որ չորանալուց յետոյ հիանալի սևահող, այսինքն՝ լաւ վարելահող է դառնում։
Մի դարում կամ 100 տարուան ընթացքում ճիճուների արտաթորութիւններից կազմւում է արգաւանդ հողի մի շերտ, որի հաստութիւնը հաւասար է երեք քառորդ արշինի։