-Ուրախությամբ ես կուլ կտամ այս թույնը, որպեսզի ազատվեմ ֆրանգների տված դեղերից, որոնք թույնից ավելի աղու են։
Հայտնի բան է, Իմամ-Ղուլին ոչինչ չի իմանում այս մասին. երբեք էլ չի կարողանում կասկածել, թե նշանածը թույն է ընդունել։ Երկու ժամ հետո Քադիջեն խիստ տաքության է ենթարկվում, որին հետևում է սաստիկ քրտինք։ Մինչ հարս ու սկեսուր սպասում էին մոտալուտ մահվան տագնապներին, անուշ քուն է գալիս Քադիջեի վրա և այնպես խոր նիրհում, որ տասներկու ժամ է տևում։ Ծծկեր երեխան, որ պառկեցրած էր մոր մոտ, ագահաբար սկսում է ծծել մոր կաթը։ Փորը լավ կշտանալուց հետո նա էլ քնում է անդորր կերպով, խաղաղ քրտինքով։
Հետևյալ օրը արևագալին, երբ զարթնում է Քադիջեն, իրեն ավելի լավ է զգում, քան էդքոքի դեղերից հետո։ Քենիս նկատում է, որ արսենիկից հետո երեխան ավելի կայտառ է դարձել, քան առաջ էր։ Քադիջեն մնում է շվարած։ Նա, որ մահ էր որոնում, մահը նրանից փախչում էր։ Ամբողջ մի շաբաթ Քադիջեն քնում է լավ քրտնած և զարթնում է օրեցօր զվարթ։ Վերքերը քիչ-քիչ սկսում են չորանալ և լավանալ, իսկ աղջիկը բոլորովին կայտառանում է։
Գալիս է բժիշկ Էդքոքը և հիվանդին քննելուց հետո սկսում է հուսադրել, պարծենալով իբր թե իր դեղերը օգնել են և գոդավորն սկսել է արդեն ապաքինվել։ Այնպես է ուրախանում Էդքոքը, որ անմիջապես իր կառքը վերադարձնում է քաղաք բժշկուհուն բերելու։ Երկու բժիշկները ամբողջ մի ժամ քննում են հիվանդին, վիճում են իրենց լեզվով, հարցեր են տալիս, բայց չեն կարողանում ըմբռնել, թե իեչից է առաջացել այդ անակնկալ բժշկությունը։ Հայտնի բան է քենիս ու Քադիջեն երկյուղից ոչինչ չեն հայտնում բժիշկներին։
Քադիջեի ապաքինության հակումը մեծ ուրախություն է պատճառում Իմամ֊Ղուլիին, որը ավելի եռանդով շարունակել է տալիս դեղերը։ Քադիջեն դարձյալ հուսահատ ապաքինվելու գաղափարից, թեև խնդրում է քենուցս իրեն քիչ էլ տալ այդ դեղից, բայց նա իսպառ մերժում է։ Միայն թե մի քիչ արսենիկ