Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փշրում, խառնում է այն օծանելիքի մեջ, որով ամեն օր օծում էին հիվանդին, հուսալով, որ դա կարող է օգնել։ Տասնևհինգ օր շարունակելով այդ դեղերը, Քադիջեի քաշված մկաններն այնպես են արձակվում, մսակալած աչքերն այնպես են բացվում, որ նա ոչ միայն ազատ ման է գալիս, այլև տեսնում է ամեն բան և վերակենդանանում է։

Իմամ-Ղուլիի ուրախությանն էլ սահման չկար։ Ամեն օր բժիշկները այցելում էին Վերզիա, հրճվում իրենց առողջացրած հիվանդով, մանավանդ նրա մանկիկով, որը այդ ամսում սկսեց արդեն ման գալ։

Երկու ամիս հետո առանց անութափայտի Ւմամ-Ղուլին իջավ քաղաք, ետ գնեց նուխեցու տունը գրավականից, կահավորեց, սարքեց և այնտեղ փոխադրեց Քադիջեին, երեխային և իր մորը։ Քադիջեի կոկորդի ու կողի ծակվածները առողջացան, նրա արյունը մաքրվեց ապականությունից, միայն փլած քիթը մնաց, որը թեև էդքոքն ուզեց կտրել և նորը փակցընել, բայց Քադիջեն չհամաձայնեց։

— Թող այդ նշանը ցմահ դեմքիս մեջտեղը մնա, որ հիշեմ, թե ես որքան ստորացա, որ թողի Իմամ-Ղուլիիս և հրապուրվեցի Քերիմի ոսկիներով ու գոհարներով։

Ւմամ-Ղուլին ամուսնացավ իր սիրած կնոջ հետ և այժմ Թավրիզում առևտրով է զբաղված։ Նա, որ իր եռանդով ազատեց Քադիջեին այն դժոխային կյանքից ու գերեզմանից, ինչի՞ չի կարելի ազատել այս գոգավորներին, եթե քաղաքի ազգաբնակությունը այդ ցանկանա և միջոցներ չխնայե կարգին հիվանդանոց ու անկելանոց կանգնելու։