Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քարավանը դեռ ավանից դուրս չէր եկել, երբ Եզնակ իշխանի տիկինը բազմեց սպիտակ և վիթխարի ջորիների բարձրացրած պատգարակը իր կրկնակ նաժիշտներով։ Տիկնոջ պատգարակին հետևեցին ուրիշ հինգ պատգարակներ, որոնց մեջ տեղ բռնեցին իշխանի դստրիկները, հարսները, թոռները՝ նաժիշտներով և աղախիններով: Պատգարակներին շրջապատել էին վաթսունևվեց կտրիճ ձիավորներ, որոնք զինված էին գոտուց կախված կարճ ու լայն դաշույններով և երկար նիզակներով, երկծայր արույրե բզանները ոսկու նման շողշողում էին արևի ճառագայթների տակ։

Մի քանի րոպեից պատգարակները հասան բեռնակիրների քարավանին և շարունակեցին իրենց ուղին բեռնակիր անասունների վզերից կախված զանգակների ղողանջյունով։ Ջորեպանները ետ չմնալու համար անվերջ բզում էին ջորիներին իրենց սրածայր մահակներով և կրկնում. «Չո, չո», որոնք դաշտից դուրս գալիս և դարիվերի տակ հասնելուց հետո ավելի դանդաղեցրին իրենց քայլերը։ Գրաստներին ավելի խրախուսում էր և առաջ մղում այն երգերի և չվերգների եղանակները, երգիչների ուժեղ և խրոխտ ձայնը, քան թե ջորեպանների բզանները։ Իսկ դաշտից դուրս գալուց և Գառնու հովիտը մտնելուց հետո արևամտի ժամին, վերջալույսի բազմերանգ գույների, արծաթափայլ, ոսկեզեղուն ամպիկների և բոցավառ ու մանիշակի ցոլքերի ազդեցության տակ այնպես էին երգում երիտասարդներն ու պատանիները, որ հովիտի ամբողջ կողերը՝ ապառաժներն ու բարձունքները որոտընդոստ արձագանք էին տալիս նրանց երգերին։ Գլխավոր պատգարակի մեջ բազմած էր տիկին Անուշը՝ իշխանի սիրելին և ժողովրդի պաշտելի կինը, որի կողքերին չոքած մատաղահաս նաժիշտները անվերջ հովհարում էին կիսաթմբիր ընկողմանած տիրուհուն։ Անուշը դեռահաս չէր, նա քառասուն գարուն էր անցկացրել, բայց նրա կազմը, թարմությունը, փայլուն աչքերը, մանավանդ սաթի նման սև ծամերի հյուսքերի շարանները տիկնոջը դեռատի օրիորդի տեսք էին տալիս։ Նաժիշտները հազիվ տասնևհինգ տարեկան լինեին, բայց այնքան ուշիմ էին շարժվում, որ նկատողը կարող էր