Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կրակները վառեցին, ճարպի կտորներից այրեցին և մսերից խորոված պատրաստեցին, որ կերակրեն մեհենական սպասավորներին։ Ուխտավորները իրենց զարդերից մեհենական մաս ու բաժին տալուց, լիաբերան օրհնություններ ու հուսադրություններ ստանալուց հետո իրենց պայուսակներից ընթրեցին ու ճանապարհ ընկան դեպի Վիշապազանց բարձունքը։

Պատգարակ նստելուց առաջ տիկինը համբուրեց, օրհնեց մի յոթ տարվան կույս, որին հագցրել էին սպիտակ շորեր և զարդարել էին սպիտակ վարդերով ու շուշաններով, առաջնորդեց Գեղարդի մեհյանի դռան առաջ, չոքեց և խնդրեց, որ այդ անմեղ աղջկան աղախին ընդունեն ծառայելու Վիշապաքաղի և Վիշապափայլի տաճարում։ Քրմուհիներն իսկույն առաջ եկան և կույսի ձեռքից բռնելով տարան մեհյանի գավիթը, որ այդ ընծայված կույսին զննե ավագ քրմուհին և վճռե, թե կարելի՞ է ընդունել։ Քրմապետուհին չոքած խնդրվածք էր անում Վիշապաքաղից, որ փորձանքներից ազատե ուխտավորներին։ Այդ դիմումից սթափված ետ դարձավ, ոտից-գլուխ զննեց ընծայվածին, քիչ խորհեց և ասաց ընկերուհիներին.

— Շատ գեղանի է դառնալու, գուցե մի օր ավագի աստիճանի հասնի։

— Անշուշտ,— պատասխանեցին բոլորը միաձայն և հավանություն տվին ընծայվածին մեհենական ծառայության ընդունելու։

Գոհ սրտով տիկինը իր շնորհակալությունը հայտնեց մեհենական քրմուհիներին, քրմապետին և բարձրանալով պատգարակ, ճանապարհ ընկան դեպի իրենց ուխտատեղը՝ Վիշապազանց բարձունքը։

Աղջամուղջ էր, գիշերային մռայլը դեռ չէր անհետացել։ Ամառվան տապ գիշեր էր։ Թեև զեփյուռը մեղմ փչում էր, բայց օդը, ջուրը, մանավանդ գետինն ու ապառաժները ցերեկը արևի ջերմ ճառագայթների տակ այնպես էին բորբոքվել ու տաքացել, որ ամբողջ գիշերը անցնելուց հետո լուսադեմին էլ դարձյալ ջերմացնում էին անցորդին։ Գեղարդի ձորից վեր էր բարձրանում ուխտավորների քարավանը, որի