Էջ:Collected works of Atrpet.djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էլ աստված ենք, մենք էլ Վիշապազանց անմիջական արտահայտություն ենք,— ասաց խոհուն դեմքով դեռահաս իշխանը։

— Այդ անկասկածելի է, իշխան,- ասաց ձիու սանձը քաշելով քարավանի ղեկավարը և դառնալով տիկնոջը.

— Ահա արևի ճառագայթները հորիզոնից բարձրանում են, մենք էլ մոտեցանք Վիշապազանց ավազանները։ Հարկավոր է կանգնեցնել քարավանը, ցած գալ ձիերից և հետո շարունակել մեր ուղին։

Անմիջապես ուխտավորներն իջան իրենց նստած ձիերից, պատգարակներից և խումբ-խումբ առաջ ընկան։ Ջորեպանները քարավանն ուղղեցին լճակների արևմտյան բարձունքները, որտեղ բարձրացել էին սև ու սպիտակ վրանները և գույնզգույն զարդարանքներով տաղավարները։ Խումբ-խումբ բաժանված առաջ էին գնում ուխտավորները, մունջ, ամեն մարդ իր խոհերին անձնատուր եղած։ Երբ նվիրակը մոտեցավ խոհուն իշխան Ցոլակին, վերջինս կրկին դիմեց նրան.

— Մի՞թե Վիշապամայրը մշտապես ապրում է այս լճակներում։

— Ո՛չ, նա ամեն տեղ է, բոլոր ծովերումն է։ Ուրարդայի մայր վիշապը թեև հաճախ հայտնվում է Վիշապազանց ավազաններում, բայդ նա միաժամանակ հայտնվում է Տոշպի (Վանի), Պարսուայի (Կապուտանի), Գեղամի (Սևանի), Զարիշատի (Չլդր), նույնիսկ Պոնտականի և Կասպիականի ջրերում։ Ինչ որ Վիշապահայրը երկնքում, նույնն էլ՝ Վիշապամայրը ծովերում, միևնույն է Ոսկեմայրը ցամաքի վրա։ Սրանք մի բնություն, մի կամք և միևնույն ծագումն ունին։ Նրանց ձգտումն է աճեցնել, զարդարել ամբողջ երկիրը և անապատներն էլ խլել Դևի իշխանությունից, դրախտի վերածել։

— Եթե այդքան սիրում են կյանքն ու բույսը, եթե կենդանությունը նրանց իսկական արտահայտությունն ու պատկերն է, ապա ինչի՞ են թողնում, որ Վիշապաքաղը Վիշապասայլի հետ կայծակով խփե, այրե ու փչացնե կենդանիներին ու անտառները։ Կամ ինչի՞ Վիշապաքաղը կարկտահարում է մեր այգիները, բանջարանոցները և արտերը։