Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քրտնաշարով ծածկել էր գուսանների և կաքավիչների ճակատները։

Այս միջոցին խումբ-խումբ կույսեր ու պատանիներ մի-մի սափոր ու փարչ վերցրին ու սկսեցին սրսկել իրենց սիրելիների վրա ու նրանց զովացնել, հովացնել։ Անվերջ ջուր էին սրսկում իրար վրա, աղաղակում, աղմկում, փախչում, բայց ջրվելուց ոչ ոք չէր կարողանում գլուխն ազատել։ «Վարդեհերն է»,— գոռում էին ու անխնա սրսկում զով ջուրը ոտքից գլուխ։ Երգիչները, կաքավիչները, նվագածուները և ժողովուրդը առանց դիրքերը փոխելու շարունակեցին իրենց ուրախությունը մինչև հագուստների արևի ճառագայթների տակ չորանալը։ Դեռատիներն ու պատանիները անվերջ ջուր էին կրում ու ածում ուխտավորների գլխին, որոնք թուլացել կամ մտքերի մեջ սուզվել, մի կողմ էին քաշվել։

— Այսօր Վարդեհերի տոնն է, խնդալու և պարելու օր է,— գոռում էին ջուր սրսկողները, թռչկոտում և ցատկում։— Այսօր մեր հովանավորի տոնն է, Վարդավառ է, պետք է միայն երգել, պարել ու ծիծաղել, ոչ թե թմրել և նիրհել։

— Երանի թե այդ ջուրը երկնքից մաղվեր,— հառաչելով պատասխանում էին ծերերն ու հասակավորները,— մենք էլ հոգով հրճվեինք։

Դեռահասներն այնքան ջրեցին ու թրջեցին ուխտավորին, որ թրջվելուց ազատվելու համար բոլորն էլ գնացին մտան պարողների շրջանն ու սկսեցին նրանց հետ երգել ու ցատկոտել։ Պարը տևեց մինչև արևի մայր մտնելը։ Թեև հետինքին ուխտավորները բազմեցան դալարի վրա ճաշելու, բայց չդադարեցին երգն ու նվագը, պարն ու կաքավը։ Արևմտի ողբը նվագելուց հետո մեծամեծ կրակներ ջեռուցին ուխտավորները իրենց վրանների մոտ, որոնց բոլորած մինչև կեսգիշեր երգեցին, նվագեցին և լսեցին գուսանների պատմությունները, որոնք պապերից լսածները ավանդում էին թոռներին։

Հետին ժամին ամեն մի սիրահար գտավ իր սիրեկանին, թաղիքները տարածեցին գետին, ծաղկուն կարպետները վրաներն առին, ծածկվեցին ու ընկան քնեցան։ Պահապանները կրակները բորբոքեցին մինչև առավոտ, մինչև Վարդամատի