և Լուսահոր այցը, երբ ամենքն սթափված, դիմեցին լճի ափ՝ Վիշապամոր այցին արժանանալու։ Բայց երեք առավոտ Վիշապամայրն էլ չայցելեց ուխտավորներին։ Ամեն օր զոհեր կատարվեցան, գուսաններն երգեցին, կույսերը, պատանիները կաքավեցին ու պարեցին և դրվադեցին ինչպես Վիշապամորը, նույնպես և Վարդեհեր Աստղիկին և Անահիտին։ Երեք օր, երեք գիշեր կերուխումը շարունակվեց, խնդացին ու հրճվեցին և օրհնեցին, ո՛չ շրթունքներն ու կոկորդները դադարեցան, ոչ սրունքներն ու ոտքերը հոգնեցան, ո՛չ էլ քնարներն ու տավիղները լռեցին։
Բայց մի մռայլ միտք հաճախ պատում էր ծերուկներին ու պառավներին։ Անընդհատ զննում էին լեռների կատարները, երկնքի բարձունքը․ ո՛չ մի սպիտակ ամպ, ո՛չ մի կաթիլ անձրև, ո՛չ էլ մառախուղ, ջինջ էր երկինքը, պարզ էր լուսնկան, ու պայծառ արեգակը։ Իսկ դաշտերում առանց ջրի ու թոնի մնացած բերքն ու այգեստանը ջրի կարոտ չորանում ու դեղնում էին, սպառնալով սովի մատնել Ուրարդա աշխարհին ամբողջ ձմեռը։ Դեռատիների երգն ու ծիծաղը, նվագն ու կաքավը չէին կարողանում ցրել չափահասների այս տխուր մտքերը։
Առիթից օգտվելով, Անահիտի պաշտամունքի քրմապետուհին երրորդ իրիկունը իր երգչուհիների, կաքավիչների ու գուսանների խմբով բարձրացավ ամբիոն, շրջապատված ժողովրդի մեծ բազմությամբ և խոսեց շարադրած դյուցազներգությունը, որով հուզեց ու մրրկեց ուխտավորների սիրտը։ Նա սկսեց մի այնպիսի բնաբանով, որ բոլորի ուշքն ու միտքը կենտրոնացրեց դեպի իր նվագները։ Նա իր խրոխտ ճառով, գեղեցիկ դարձվածքներով և համոզիչ փաստերով ստիպեց ուխտավորներին անվերջ իր արծարծած խնդրով զբաղվելու և մտածելու միմիայն այդ հարցի մասին։
«Խոլամիտ մարդիկ, ես՝ Վիշապահայրս,
Ամպերն եմ կապել, անձրև չեմ շաղ տալ,
Մի՞թե դուք անջուր կըչորացնեք ձեր հանդը,
Եթե երկնքից անձրև չստանաք։