Էջ:Collected works of Atrpet.djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ամեն մի ընդհատումի այս քառյակը երգում էին գուսանները, և քրմապետուհին ազատ շունչ առնելուց հետո, երբ հանգստանում էր, նորից սկսում էր իր ընդհատված ճառը։ «Դուք,— ասում էր քրմապետուհին,— Վիշապահոր պատկերն եք, նրա հոգին ձեր կրծքումն է բնակված, մի՞թե նրա ուղեղի հյուլեներից ձեր գանգերում չեն տարածված, որ դուք էլ խորհիք և ձեր կյանքը չմատնեք պատահականությունների։ Վիշապամայրը ձեզ շնորհել է լճակներ, ծովակներ և գետեր, դուք էլ հնար գտեք և ջուրն ուղղեցեք դեպի ձեր այգեստանները։ Վիշապահայրը ձեզ առատ անձրև ու ձյուն է տալիս, դուք էլ մտածեցեք այդ շնորհից այնպես օգտվել, որ կարողանաք կյանքը զարդարել և ազնվացնել։ Միայն այն ժամանակ ձեզ վրա հաշտ աչքով կնայի Վիշապահայրը, երբ դուք ձեր անապատները դրախտի վերածելու համար ջրանցքներ կշինեք, քանքաններ կփորեք և ավազուտներն ու կավուտները ջրելով կենդանությունը կընդարձակեք, ամայությունը կշենացնեք։

«Մինչև որ Գեղամա լճից ջրանցք չփորեք և ջուրը չտանեք դեպի դաշտ, արապարներն ու անապատները դրախտի չվերածեք, երբեք չեք ապահովիլ ձեր կյանքը։ Իսկ ապահովելով ձեր կյանքը, ընդարձակելով պարտեզները, այգիներն ու անտառները, պիտի զորացնեք կենդանությունը, պիտի ընդարձակեք Վիշապահոր իշխանությունը․ դուք պիտի աջակցեք և աշխատակից դառնաք Նրա ցանկությունների կատարմանը։

Ջեր պապերը հարյուր տարի առաջ Վիշապազանց ավազանների ջրանցքները շինեցին, ամբարտակները կառուցեցին, աշխարհքն ուրախացուցին, մի՞թե դուք այդ պապերի զավակները չեք։ «Եթե ամբողջ գեղն ոտքի կանգնի, գերան կկոտրի»։ Ապա եթե ամբողջ դաշտը փետատ վերցնի, ինչի՞ սարը չպիտի ծակե ու ջուրը չպիտի տանի դաշտի բամբակն ու այգին ջրելու։

«Խալդի զավակներ, Խալդի որդիներ, դուք որ կտրել եք Վիշապազանց լեռների լանջերն ու ջուրը դաշտ հասցնելու համար յոթանասուն փարսախ առու եք տարել, եթե միաբանիք և վճռեք, մենք ձեզ առաջնորդելով Գեղամա լճակի ջուրը դաշտ կհասցնենք, մինչև Արմավիրի սահմանները։