Երեք ժամ այնքան անձրև տեղաց, որ ամբողջ երկրի բուսականությունը թարմացավ, դեղնած ծառերը դալարեցան, պտուղները ուռճացան, խոտերը զվարթացան, բանջարները տռզեցան և անասունների ճարակը հրապուրիչ և սննդալի դարձավ։
Ուրախությանը չափ ու սահման չկար։
Ամեն բերան օրհնություն էր կարդում, ամենքն էլ ցնծում էին և աղոթք մրմնջում Վիշապամորն ու Վիշապահորը, որ աշխարհը լցրել էին բյուր բարով։ Լույսի հետ միասին նոր կյանք, նոր կենդանություն էր աշխարհ եկել և մարդու ճակատի մռայլ կնճիռները ցրվել ու անհետացել։ Հրճվանքը հասել էր գագաթնակետին, երբ առավոտ արևի ճառագայթները պատռեցին ամպերն ու իրենց ոսկեզեղուն փայլով աշխարհը խնդացրին։ Ծիրանի գոտին պատեց երկրի վրա յոթ գույնով, յոթանասունյոթ տեսակ ցնծություն և ուրախություն աշխարհ բերելով։ Ամեն շրթունք, ամեն բերան միևնույն խոսքերն էին կրկնում.
— Աշխարհը լիացավ, կյանքը վերածնավ, Անուշ մայրը հաշտվեց ժողովրդի հետ։
Վիշապազանց քրմուհիները պատգամ բերին ժողովրդին, թե Վիշապամայրը ընդունել է նրանց զոհերը, պաշտվել է այդ ժողովրդի հետ, որն ուխտել է անմիջապես գործի ձեռնամուխ լինել և Գեղամա ծովի ափերից առու տանել դեպի Արմավիր։ Ամեն մարդ, ոգևորված այդ ավետիսից, նորից ու նորից կրկնեց իր ուխտը և խոստացան անհնարինը հնարավոր դարձնել և անմահական ջուրը դաշտ իջեցնել։
«Վիշապահայրը հրամայել է Վիշապ առյուծին հալածել Վիշապաքաղին, երկնային ողորմության դռները բաց թողնել, որ մարդը փրկվի հավիտենական կորստից, երկիրն ազատվի անապատանալուց»,— ասում էր քրմապետի մունետիկը ման գալով ժողովրդի մեջ։
Այս պատգամներից հետո ուխտավորները նորանոր զոհաբերություններ կատարեցին, ամենքը իրենց զարդերը բաժին տվին ջրաբաշխական գործին, որ հսկեն, առուները մաքրեն, վերանորոգեն և սկսեն նույն առվի գործն առաջ տանել,