Էջ:Collected works of Atrpet.djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այս առաջին անգամն է, որ բաժանվում ես։ Առաքելի այս ճանապարհից տուն գալուց քանի՞ օր է անցել, որ դու այդպես շուտ մոռացար և այսպես խիստ ընկճվեցար։ Գնա՛, Առաքել ջան, տերը քեզ հետ։ Մեր վիճակն էլ այս է։ Թե որ տունը նստիս, ո՞վ պիտի կերակրե քու ընտանիքը։ Գնա՛ բարով, վաստակիր խերով, ետ դարձիր հազար բարով։

— Ստեղծողիդ եմ քեզ հանձնում, որդի՛ս,— ասաց Բերսան ետ դառնալով։

— Պապո ապար, դուն ու քու հոգիդ, դրանք քեզ ամանաթ։ Դու գիտես, էլ ի՞նչ ասեմ,— ասաց վերջին անգամ լցված սրտով Առաքելը և երեսը դարձրեց դեպի յուր ճանապարհը։

— Բարի ճանապարհ, բարով հասնիս, դու հոգս մի անի՛լ,— ասաց առանց ետ նայելու Պապոն և պառավի հետ շարունակեց յուր քայլերը դեպի բերդը։

Ցուպը ձեռքին, մեծ-մեծ քայլերով իջնում էր դեպի ձորերը Առաքելը, մտազբաղ և մռայլ, երբեմն-երբեմն ետ դարձնելով գլուխը դեպի բերդը և սրտի խորքերից ծանր ու բոցակեզ հառաչելով։ Արևը թեև բավական բարձրացել էր հորիզոնից, բայց ոչ մի նեղություն չէր պատճառում հետի ճանապարհորդին, քանի որ անտառներն ու այգեստանները նրա ուղին հովանավորում էին։ Երբ դուրս եկավ ձորից ու ծառաստաններից, անցավ Արդանուչի վտակը, անպաճույճ ու անհովանի զառիվերով սկսեց բարձրանալ կիզիչ արևի ճառագայթների տակով, կամաց-կամաց սիրտը պատած թուխ-մութ պատկերները անհետացան, շիջավ հոգու փոթորիկը, դադարեցան հառաչանքները։ Երբ նեղ ձորից դուրս գալով Շավշեթի գետափում Առաքելի աչքերի առաջ լայնացավ հորիզոնը, երևցան հեռուն՝ Խարխանի անտառները, օձապտույտ, ահեղընթաց Ճորոխի հորձանքները, մշտադալար ձիթենիի այգեստանները, կապուտակ երկնակամարը և նրա մեջ տարածված արծաթափայլ, բամբականման, քուլա-քուլա ամպիկները իրենց սքանչելի ծփանքով։ Բնության այդ զվարթագույն պատկերներով Առաքելի սիրտը, աչքերը գրավվեցին, այնպիսի նոր-նոր հույսեր ծնվեցան նրա սրտի խորքերում և ուղեղում, որ նա, առժամանակյա անջատման բոլոր ցավերը մոռացած, լիահույս