Էջ:Collected works of Atrpet.djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կծածկեր։ Ամեն մի բառ, ամեն մի նախադասություն օրերով մտածելու առիթ էր սիրտ ունեցող, զգացման տեր մարդու համար։ Նա ո՛չ հաց էր ուզում Առաքելից, ոչ էլ հալավ, կյանք էր պահանջում, հոգի էր ուզում, իրեն էր կանչում․․․ Մեծ ուրախություն էր ավետել Սառան Առաքելին. նա ազատվել էր և մի առույգ զավակ ծնել նրա համար, որին պապի անունով Լևոն էին անվանել։ Բայց այդ ավետիսը ավելի շատ արտասուք խլեց գորովալի հոր սրտից, քան թե բոլոր վշտերը, որ նկարագրել էր թշվառ Սառան։

Այնպես բորբոքվել, այնպես էր հուզվել Առաքելը, որ մոռացել էր, թուլացել մնացել և չէր լսում զանգահարությունները։ Հանկարծ աղախինը ներս եկավ և տեսնելով նրան սեղանի առաջ անզգայացած, ապուշ կտրած, գլուխը թևերին հենած, կամացուկ սկսեց կանչել.

— Առաքե՛լ, Առաքե՛լ, գառնուկ, դուդուն ընթրիք է ուզում։ Սթափվեցավ Առաքելը և իսկույն նամակը ծոցը դնելով, խրտնած եղնիկի նման մոռացավ ամեն ցավ, սկսեց վազել այս ու այն կողմը և կարգի բերել ամեն բան։ Կերակուրները նա ժամանակին խնամքով պատրաստել էր, սպասում էր հրամանի, որ ներս տա։ Ամեն ցավ, ամեն վիշտ ու հոգ Առաքելը պարտավորված էր թաղել, սպանել յուր սրտի խորքերում և հանձն առած պարտականությունները ճշտությամբ կատարել։ Ամեն մի սխալի, ամեն մի թեթև անճշտության համար նա պարտավորված էր անարգանքներ ու լուտանքներ լսել, սպառնալիքների տոկալ, թե ինչ է ամսական մի չնչին գումար էր ստանալու, մի գումար, որն ապրեցնելու, կենդանացնելու էր յուր ընտանիքը, մի գումար, որից մտածում էր մի փոքրիկ կապիտալ կազմել և հայրենիք վերադառնալով, մի գործ սկսել և ընտանիքի մոտ, հայրենի հարկի տակ կերակրել յուր գերդաստանը։

Այսպես, արշալույսից մինչև կեսգիշեր, երբեմն սրանից էլ մի երկու ժամ անց, Առաքելը խոհանոցում կենդանի թաղված շրջելու էր, վազելու էր դես, դեն և ժամերով ձեռքերն ու երեսը խորովելու էր կրակի առաջ, որպեսզի յուր տերերին հաճոյանա, նրանց աչքը մտնի և նրանց կոպեկներին