Էջ:Collected works of Atrpet.djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արժանանա։ Իսկ Առաքելը մի այնպիսի նպատակ ուներ, մի այնպիսի ուխտ էր դրած, որ տոկունությամբ տանում էր ամեն բան, համբերում էր եզի նման և քաշում այն ծանր լուծը, որը դրել էին նրա ուսին շիշմանները և տանում ինչպես հրամայում էին յուր կամապաշտ գուդուները։

Այս վարմունքով այնպես գրավեց Առաքելը տերերին, որ նրանք վեց ամիս հետո,նրա ռոճիկը, առանց Առաքելի պահանջելուն, ավելացրին մի լիրայով, որով նա արդեն անվանի խոհարարների շարքն անցավ։ Առաքելը խրախուսված այդ հավելումով, սկսեց ավելի լուրջ կերպով զբաղվել յուր արհեստով, այնպես որ նա միշտ փորձեր էր անում կատարելագործելու յուր գիտեցածը և նորից սովորածները։ Երկու տարին չլրացած արդեն նրա ռոճիկը բարձրացրին չորս լիրայի։

Մեծ մխիթարություն էր Առաքելի համար ստացած ռոճիկը, որը օրեցօր աճում էր սեղանավորի մոտ։ Նա արդեն վաթսուն լիրա ուներ,մի գումար, որը մեծ հույս էր արդանուչեցու համար։ Այդ գումարով Առաքելը կարող էր մի փոքրիկ գործ սկսել և կատարյալ ապրուստ ձեռք բերել Գյոլայի քրդերի կամ Շավշեթի թուրքմանների մեջ։ Բայց քիչ խորը մտածելուց հետո վճռում էր դեռ միառժամանակ էլի մնալ, կապիտալը հասցնել մի հարյուր լիրայի կամ մի քիչ էլ դրանից ավելի ու այնպես հեռանալ։

Սեղանավորից ստացած տոկոսը և տանտերերից տոների առթիվ կամ մեծ հրավերներին ստացած նվերները կազմում էին տարեկան մոտավորապես տասնևհինգ ոսկի։ Այս գումարը արդեն բավական էր Առաքելի տան ապրուստին։ Դեռ այդ գումարից տալիս էին ոչ միայն խարաջն ու բեդելեթը, այլ մինչև անգամ տարեկան մի-մի ձեռք հալավ էին կարում։ Երրորդ տարին լրանալիս, արդեն հարյուր ոսկի ուներ Առաքելը սեղանավորի մոտ։ Նա կնոջ ու որդու համար բավական բան ու ման արած պատրաստվում էր տուն վերադառնալ։ Արդեն այդ օրերը Արդանուչից եկել էր յուր կնքահայրը՝ Պապո ապարը, և ստիպում էր, որ ձեռք քաշե Պոլսից, պատրաստվի իրեն հետ տուն վերադառնալու։

Առաքելը յուր միտքը հայտնեց տիրոջը, որպեսզի նա ուրիշ