Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի՞թե կարող եմ ես, քսանյոթերորդ տարիքումս, այսքան մազերիս մեջ սպիտակ ընկնելուց հետո, ձեռքերս և սրունքներս այսպես դողալուց հետո դարձյալ ծառայել, դարձյալ ծծել խոհանոցի ածուխի այն սոսկալի գազերը, ճենճահոտերը և տոկալ… Ասացե՛ք, այսպես քայքայված առողջությամբ, ընտանիքիս կարոտովը բորբոքված, ես ի՞նչ միջոցի դիմեմ, ի՞նչ անեմ, որ ապրիմ և ապրեցնեմ գերդաստանս, սրբեմ թշվառներիս արտասուքը.․․ Այս ի՞նչ անիրավություն է․․․

— Փորձանք է, Առաքե՛ լ, պատահմունք է, պետք չէ՛ դժգոհիլ, հնարը գտնելու է, փողերդ ետ բերելու ճարը մտածելու է։ Լավ, որ դու ինքդ ես նկարագրում վիճակդ։ Ի՜նչ մեծ կորուստ կունենաս, եթե ընտանիքդ, կյանքդ փրկելու համար գնաս, զիջանիս և խնդրես ծածկաբար Հելեն խանումից, որ քեզ ազատե այս ծանր վիճակից։ Չե՞ս ուզում, ես կգնամ, ես կխնդրեմ, նա անչա՜փ բարի է, որ մի ճար կգտնե։

« Անչափ բա՜րի է»… իմ փողերս իրիկնադեմին մարդը խաբեությամբ ձեռքիցս կորզե, տանե կնոջ սնդուկը լցնե, որն արդեն բռնված և գտնվում Է պահանջատերերի իշխանության տակ, իսկ ես գնամ նրանից իմ փողերս որպես ողորմություն ետ խնդրեմ..․ Բե՜յ, բե՜յ, ինչեր եք ասում, մի կնոջ սնդուկից քսան հազար լիրա էլ դուրս գա… Քու բարի Հելեն խանումի սնդուկում այդքան փող ո՞վ դրեց… Մի՞թե նա հոր տնից ժառանգություն էր բերել այդ ոսկիները։ Եվ դուք ասում եք «այդ փորձանք է, այդ պատահմունք է»- Ո՛չ, ո՛չ, գողություն է, հափշտակություն է, սարի ավազակներն ավելի ազնիվ են վարվում… Տիրան բեյը բոլոր կալվածագրերը, պապենական ժառանգած բոլոր կայքերը դարձնել յուր անբարոյական կնոջ անունով, սրան-նրան թալանե, խաբե, փողերը կորզե, լցնե կնոջ սնդուկը, և ես աչքիս լույսի, առողջությանս և քայքայված կյանքիս գնով ձեռք բերած կարողությունս գնամ գողակցից ողորմություն ետ խնդրեմ…

— Այդ դեռ հարց է, թե Հելեն խանումը գողակի՞ց է, կամ մաս ունի՞ պահած յուր ամուսնի կարողությունից,… Ես հավատացած եմ, որ նա անչափ բարի է…