Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կաշառել և ամեն միջոց գործ դնելով, խլել Հելենից այն կալվածները, որոնք նենգությամբ Տիրան բեյից անցել էին գեղանի խանումի տիրապետության։ Նրանք վճռել էին, որ եթե չկարողանային էլ խլել, գոնե մի լավ խայտառակել Գալֆայաններին։

Երեսուն կտոր մեծ կալված էր ժառանգել Տիրան բեյը յուր հորից, որոնք գտնվում էին Պերայում, Ղալաթիայում, Սթամբոլ-Բեզեզթան, Յալիներ, Բեյուք-Դերե, Մեծ կղզի և ուրիշ տեղեր՝ մոտավորասպես հարյուր հիսուն հազար լիրա արժողությամբ։ Այդ կալվածները տարեկան բերում էին ոչ պակաս տասներկու հազար լիրա և Կ․ Պոլսի աչքի ընկնող հայտնի տեղերում էին գտնվում։ Տիրան բեյը յոթ-ութ տարվա ընթացքում կամաց-կամաց այդ կալվածներից մի քանիսը նախ ծախել էր յուր ծառաներին կամ բարեկամներին նենգությամբ և ապա նրանցից ետ գնել էր յուր կինը՝ Հելենը, այնպես որ օրենքի առաջ սա այղ բոլոր կալվածների օրինական տերն էր դարձել։ Դեռ այդ հերիք չէ, Տիրան բեյի նստած տունն անգամ հաստատված էր Հելեն խանումի անունով, այնպես որ Տիրան բեյը յուր կնոջ տանն էր ապրում։

Թեև օրինազանցություն էր Հելեն խանումի անունով հաստատված կալվածների եկամուտները գրավելը, տան կահ–կարասիները ցուցակագրելը, տիկնոջ սնդուկի մեջ գտնված փողերը, գոհարեղենը կնքելով դատարան բերելը, բայց թուրքերի Կ․ Պոլսի վաճառականական դատարանը պարտավորված էր զիջանիլ անգլիական, ֆրանսիական և ավստրիական կոնսուլների պահանջներին, որոնց հպատակները մեծամեծ վնասի ու կորուստի էին ենթարկվել Գալֆայանի սնանկությունից։ Բայց Գալֆայանին և Հելենին ոչ մի անհանգստություն չէր պատճառում այդ բոլորը, քանի որ նրանք համոզված էին, որ և ոչ մի աշխարհի կամ պետության օրենք ուժ չուներ խլելու Հելեն խանումի կալվածները, սրա սեփականությունները և բաժանելու նրա ամուսնի պարտատերերի մեջ։ Անհատական սեփականության օրենքները չէին զիջանիլ և թույլատրել, որ ոտնակոխ լինի դարերով սրբագործված այդ օրենքը։ Թե՛ դատավորները և թե՛ փաստաբանները վստահեցնում