Էջ:Collected works of Atrpet.djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էին կապել, ավանս ստացել։ Սրանց գործարանը միմիայն այդ ամերիկական տան ապսպրանքը պիտի կատարեր, այն էլ նրանց ցույց տված չափով, ձևով, նկարներով և որակով։

Գործն այնքան արդյունավետ էր, որ գործարանի տերերը սովի տարին՝ 1897-99 թվականին, իրենք էին կերակրում բանվորներին տաք կերակրով՝ փլավով և գառան մսով։ Սա այնպիսի մի արտակարգ երևույթ էր, որ քաղաքի ամբողջ ազգաբնակության նախանձն էր բորբոքում։ Ամենքն էլ լռվել էին, քանի որ չէին հանդգնել քաղցածին հաց բաժանողին հրապարակով անարգել, անգործին բանի դնողին պախարակել, երեք հարյուր բանվորի ռոճիկ տվողին բամբասել։ Իսկ Հաջի Աբդուլ-Հյուսեյնի որդիները առանց ուշք դարձնելու օրեցոր գործարանն ընդարձակում և կյանքը եռացնում էին իրենց շուրջը։ Մի կողմը 70 դազգահի առաջը 200-ի չափ բանվոր-երեխաներ գործում էին, մյուս կողմը պառավ կիները մասրա լցնում, մի սրահում կիները բուրդ էին գզում, մի ուրիշում ջահառ պտտացնում, թել մանում։ Մի մեծ գավթում ներկարարները գույնզգույն թելեր էին ներկում, իսկ նկարիչները ցանցավոր թղթերի (կանվա) վրա գույներով օրինակներ պատրաստում, որպեսզի երեխաները համրեն ու գորգերը գույնզգույն թելերով գործեն։

Հաջի Աբդուլ-Հյուսեյնի վերադարձը այս գործարանների տերերին այնքան էլ հաճելի չէր, նրանց հոգին մռայլվեց։ Բայց դրացիների նախատինքից ազատվելու համար կառք բռնեցին, երկու եղբայր նստեցին, մյուս եղբոր որդիներն էլ ձիավորվեցին, գնացին, որ արտաքին ձևով «առոք-փառոք» տուն բերեն իրենց հորը։ Ամեն պատրաստություն տեսան և Հաջի Աբդուլ-Հյուսեյնին իջեցրին ավագ որդու՝ Աբդուլ-Ալիի տան նորաշեն ընդունարանում, որտեղ երկու հարյուր մարդ ազատ կարող էր տեղավորվել։

Կեղծ և ձևական համբույրի, հրճվանքի և մաղթանքի չափը չկար։ Ամենքն էլ իրենց անսահման զգացումները հայտնելու համար սրտաբուխ ճառեր էին արտասանում։ Շարբաթ, ղալիոն, ղայֆե, չայ, ընթրիք, սեղաններ մի քանի տեղ ճոխ ու անխնա բացել էին բոլոր այցելուների համար։ Իսկ մերսիախանները