Էջ:Collected works of Atrpet.djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծպտուն հանել։ Նա բարձրացավ, գոտին կապեց, ապարոշը դրեց, աբան վրան գցած տնից դուրս եկավ։

— Կորի՛ր և էլ տունս ետ չդառնաս,— գոռաց նրա ետևից հարսը։

— Երեսդ էլ չտեսնեմ,— ասաց որդին՝ Աբդուլ-Մեհթին, և դուռը փակեցին։

Ծերուկը մնաց փողոցում։ Նա չէր կարողանում վճռել, թե ուր երթա, արդյոք որդիների՛՞ն, թե՞ մի ծանոթի դիմե»: Նա տատանվում էր, չէր իմանում որդիների՞ն գնա, թե՞ աղջիկներից մեկի տունը հյուր երթա, մեծ որդիներին կանչե և հայտնե իր վիճակը։ Բայց նա դարձյալ չէր ցանկանում, որ իր տան գաղտնիքը լսեն ոչ թե յուր հակառակորդներն ու թշնամիները, այլ նույնիսկ յուր փեսաներն ու աղջիկները։ Երկար փողոցներում թափառելու հետո վերջապես գնաց Աբդուլ-Ալիի դուռը բախեց։ Ծառաները բացին և անմիջապես ծերուկին առաջնորդեցին ընդունարան և ներսը որդուն իմաց տվին։ Մեծ որդին կես ժամից հետո կանանոցից դուրս եկավ, գնաց հոր իջևանած սենյակը, որտեղ ծառաները ճրագ ու կրակ էին վառել Հաջի Աբդուլ-Հյուսեյնի պահանջման համաձայն։

Ծերունուն թեյ տվին, ծխամորճը լցրին, թոռները շրջապատվեցին, բայց չկարողացան սիրտն առնել և ուրախացնել։ Հաջի Աբդուլ-Հյուսեյնը մռայլ նստել, չէր խոսում։ Աբդուլ-Ալին նստեց հոր դիմաց, նստեց նույնպես մռայլ, առանց որևէ մի բառ արտահայտելու։ Ոչ հայրը զիջավ իր վիճակը որդուն պատմելու, ոչ էլ որդին հետաքրքրվեց նրանից բան իմանալու։ Երբ զգաց, որ հայրն եկել է այնտեղ մնալու, ասաց ծառաներին, որ ընթրիք բերեն իրենց, և միասին ընթրելուց հետո անմռունչ բաժանվեցին, հայրը մտավ ննջարան քնելու, իսկ որդին մտավ կանանոց։

Հայտնի բան է՝ երկրորդ օրը եղբայրներն իրար պատմեցին հոր արկածները, հարսները իրար հայտնեցին անցածն ու դարձածը։ Լուրը արդեն ընտանիքից դուրս թռավ և դրացիների սեփականությունը դարձավ, որոնք ըստ քմաց զարդարեցին, մեծացրին և տարածեցին։ Այս դեպքը այնպես հուզեց