Էջ:Collected works of Atrpet.djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չորս եղբորը, որ նրանք վճռեցին ապագա անախորժությունների առաջն առնելու համար միջոցների դիմել։

— Ես երբեք տանս այլևս չեմ կարող թողնել այդ զառամյալին, — ասաց Աբդուլ—Մեհթին, — դա իմ կնոջս հայհոյեց և նախատեց։ Ինչ ուզում եք արեք, որքան որ ամսական թոշակ որոշում եք, պատրաստ եմ վճարելու, բայց իմ տունս էլ չպիտի մտնի։

— Ես դրա մռմռոցը չեմ կարող տանել,— ասաց Աբդուլ-Ռզան,— դա սովոր է ամեն բանի վրա խոսել։ Ես ամսական ինչքան որ առաջարկեք, կտամ, որ նա ապրի, բայց հեռու…

— Եղբայր,— ասաց Աբդուլ-Թաղին, — կինս խիստ ջղային է, երեխաներս էլ շատ։ Տանս մի քանի հատ էլ հարճ եմ պահում, ես չեմ կարող դրան տուն թողնել։ Մի տուն սահմանեցեք, երթա ապրի, մի բան տվեք ընդհանուրիս հաշվից, վերջացավ գնաց, — ասաց երրորդ որդին։

— Շատ հիմար-հիմար դուրս եք տալիս, — ասաց ավագ որդին,— ես գիտեմ, որ հորս չեք սիրում, ես էլ ձեզ նման ատում եմ նրան, բայց երբեք չեք մտածում ձեր պատվի, անվան և արժանավորության մասին, եթե նրան տանից դուրս անենք, մեր աբուռն ո՞ւր կմնա։ Վաղն ամբողջ քաղաքը պիտի ասի, թե նուխեցիները չկարողացան մի հայր պահել և փողոց շպրտեցին։ Ես կպահեմ նրան, միայն թե… — Պահե, եղբայր, պահե, քեզ փեշքաշ, — ասաց Աբդուլ-Մեհթին։ — Ինչ որ ուզում ես ամսական ես կվճարեմ, միայն թե իմ տունս թող չմտնի և արյունս չպղտորե։ — Ինչպես ուզում եք, որոշեցեք, ես նրան պահելու համար փող չեմ ուզում, բայց մեր աբուռը պահպանելու համար հարկավոր է նրան պատվով պահել, որ ամբողջ Թավրիզի բերանը ծամոն չդառնանք։ Ոչ ոք չի ցանկալ խորը թափանցել, ներքինը քննել և պղտոր տիլը վերլուծել, բայց ամենքը քննադատ դարձած կանարգեն մեզ, որ մեր հորը չենք շահել, չենք պահպանել և պատճառ ենք դարձել նրա հոգեկան տանջանքին։

— Եղբա՛յր, լավ, լռենք, օգնենք, ծախսենք, պահենք, ինչ որ ցանկանում ես կատարենք,— ասաց Աբղուլ-Ռզան,— բայց ես տունս չեմ կարող տանել, դու պահիր։