Էջ:Collected works of Atrpet.djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Քեզ մոտ մնա,— ասաց Աբդուլ-Թաղին,— և նրա համար ծախսիր ինչքան որ քեֆդ ուզե ընդհանուրիս հաշվից։

— Ես չեմ ասում,— կրկնեց Աբդուլ-Ալին,— թե տարեք նրան ձեր տները պահեցեք։ Այստեղ սենյակ շատ կա, կարող եմ նրան առանձին բնակարան հատկացնել, պահել, դուք բոլորդ էլ շարունակ պիտի հաճախեք նրա մոտ, երբեմն-երբեմն էլ ձեր տները պիտի տանեք, որ աշխարհ չասե, թե դուք ապերախտ որդիք եք։

— Ես չեմ կարող կեղծել,— ասաց Աբդուլ-Մեհթին,— չեմ կարող նրա առաջը քծնել, ուրիշին դուր գալու համար նրան շողոքորթել ։

— Ես հորս համար տանս և երեխաներիս մեջ չեմ կարող շփոթություն բարձրացնել,— ասաց Աբդուլ-Թաղին։

— Եղբա՛յր, դու տեղավորիր մի կերպ, այնպես կձևացնենք, թե բոլորս էլ նրան փայփայում ենք։

— Այո՛, այո՛, այո՛,— ասացին բոլորը։

— Պետք է,— ասաց Աբդուլ-Ալին,— այնպես ցույց տանք աշխարհին, որ մենք առաքինի որդիք ենք և պաշտում ենք մեր հորը։

— Դուք ինչպես ուզում եք ցույց տվեք, ինձ աղատեցեք,— կրկնեց Մեհթին։

Եվ եղբայրները հեռացան։

Աբդուլ-Ալին յուր ընդունարան սենյակներից մեկը կահավորեց, կարգադրեց և փողոցից էլ հատուկ հարաբերության ճանապարհ հարմարեցնելով հորն այնտեղ տեղավորեց։ Որպեսզի հայրը իր կանանոցի հետ հարաբերություն չունենա և այդ պատճառով չընդհարվի, Աբդուլ-Ալին հատուկ մի ծառա վարձեց հոր համար, որպեսզի նրա անկողինը հարդարե, սենյակը լուսավորն, տաքացնե, մաքրե, թեյն ու սուրճն եփե և կերակուրը պատրաստն։ Սրա համար էլ կարգադրեց, որ հայրը ամեն ամիս վաճառատնից յոթ թուման վերցնե (14 ռուբլի) և ինքը կատարե բոլոր ծախսերը, որ իր ցանկացած կերպովն ապրի։ Ամեն մի եղբայրը օրական յոթ թուման էր ծախսում, իսկ հորը ամսական այդքան նշանակեցին։ Հաջի Աբդուլ-Հյուսեյնը ոչինչ չխոսեց, նա լռելյայն համաձայնեց