Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու համակերպեց անդրանկի արարքի հետ: Բայց այնքան հոգվով վրդովված Էր, որ այլևս դադարեց վաճառատուն հաճախելուց և որդիների երեսը տեսնելուց։ Նա չէր խոսում ոչ ոքի հետ, նույնիսկ ծառային էլ բան չէր ասում։ Պատրաստած թեյն ու սուրճն անմռունչ ընդունում էր, փուռից բերած կերակուրն ուտում, քնում, վեր կենում և յուր աղոթքը կատարելով նստում էր մտածելու այն դառն կյանքի՝ դժոխքի մասին, ուր ինքն ընկել էր։

Հաճախ հյուրեր ունեցած ժամանակ Աբդուլ-Ալին ծառային ուղարկում էր ձայն տալու և հորը ընդունարան կանչելու, թշվառ ծերուկը հիվանդություն պատրվակելով մերժում էր։ Որպեսզի դրացիների նկատողության չենթարկվի, Աբդուլ-Ալին հոր յուղոտած շորերն էլ փոխեց, նոր աբա ու ապարոշ գնեց, դրանք երբեք հորը չմխիթարեցին։ Հաջի Աբդուլ-Հյուսեյնը ընկեր, սրտակից, մտերիմ և անկեղծ բարեկամ էր որոնում, այնինչ համոզված էր, որ աշխարհի երեսին ոչ միայն օտարները, այլև իր հարազատ որդիներն էլ իրեն ատում և նրա մահն էին ցանկանում։ Մահն էլ փախչում ու չէր մոտենում ծերուկին։

Այս հուզված օրերին նա երբեմն գնում էր հանգստարան, իր հանգուցյալ կնոջ գերեզմանի մոտ նստում և մտորում էր, թե նա որքան երանելի էր, որ մեռել էր ինչպես սիրված իր ամուսնուց, նույնպես և գգված զավակներից։ Իսկ ինքը ապրելու դժբախտության համար ատելի էր դարձել զավակներին և հարսներին։ Այս այցելությունները հաճախ կատարելով, այս մտքի շուրջը տատանվելով օրն էր մթնացնում և մխիթարվում Հաջի Աբդուլ-Հյուսեյնը, սպասելով մահվան, երբ իրեն էլ բերելու հանգստացնելու էին սիրելի կնոջ կողքին։

Ամեն օր իրիկնադեմին մի այրի ևս գալիս էր այդ հանգստարանը, մի ժամ նստում էր ամուսնի գերեզմանի մոտ և ողբում իր կորցրած պաշտելուն, որը մի տարի առաջ գերեզման էր իջել։ Այնքան հաճախ իրար հանդիպեցան երկու այրիները, որ ընտելացան իրար. մեկը հանգստարան մտնելիս մյուսին դիմավորում էր կամ սպասում նրա գալուն։ Թշվառությունը նրանց մոտեցրեց և մի օր էլ իրար սիրտ բացին։