Էջ:Collected works of Atrpet.djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Երանելի կին,— ասաց որբեվայրին մի օր,— որ քեզ նման մարդ է ունեցել։ Յոթ տարի է մեռել է, ոչ միայն ուրիշ կին չառար, այլ մինչև անգամ չես կարողանում իրեն մոռանալ։ Եթե մարդիկ քեզ նման սիրեին իրենց կիներին, աշխարհի վրա իգական սեռը ամենից երջանիկ դասակարգը կկազմեին։

— Դու էլ աննման կին ես,— ասաց Հաջի Աբդուլ-Հյուսեյնը,— որ մարդուդ չես մոռանում և ամեն օր գալիս ես նրան ողբալու։ Երևի ազնիվ հիշատակ է թողել, որ ահա յոթ ամիս է քեզ շարունակ այդ գերեզմանի մոտ արտասվալի աչքերով եմ տեսնում։

— Էհ, դարիս զավակը չէր, նա մի կատարելատիպ հոգի էր։ Անողորմ բախտը նրան խլեց ինձանից։ Յոթ տարի միայն այր ու կին մնացինք, բայց հորիցս գթած և մորիցս քնքուշ եղավ ինձ համար։ Յոթ տարվան մեջ մի օր բերանը չբացավ մի դառն խոսքով, մի կծու բառով, մի նախատալի դարձվածով։ Հարուստ չէր, բայց ինձ քաղցած ու քրչոտ չթողեց, մեծատուն չէր, բայց ինձ կարոտ չպահեց։ Օրական վաստակածը օրվա ընթացքում կերանք, միայն թե ապագան չմտածեց։ Փառք ալլահին, բան չթողեց ինձ ու վեց տարեկան որդուս, բայց քաղցից չմեռանք։ Ամեն օր մոտիկ հայ դրացիների կեղտոտ շորերը, երեխաների ապականված բալուլները լվանում, 5—10 շահի վաստակում և ապրում ենք։ Էլի փառք, որ գոնե մի տուն թողեց, և մենք օտարի դուռը քաշ գալու չպարտավորվեցինք։

— Փառքն այնտեղ է, որ դու գոհ ես վիճակիցդ, գործող ձեռքեր ունիս, կարողանում ես ապրուստդ ինքդ հոգալ և ոչ ոքի մուննաթ չքաշել։ Աշխատող թևերը քաղցից չեն թուլանա,— ասաց ծերուկը հառաչելով։

— Կարիքն ստիպող է։ Քաղցն ամենահզոր խթանն է, նա պարտավորեցնում է վազելու և տքնելու, Հաջի-աղա։ Երբ օրականս վաստակում եմ, մի րոպե էլ սրտիս ու հոգուս եմ զոհում։ Հիշում եմ ողորմածիկիս, որ ամեն տանջանք քաշում էր ինձ հառաչելուց ազատելու համար։ Իսկ այժմ ինքն հանգստանում է, որ ես այրվեմ… հալվեմ ու մաշվեմ, — ասաց ու