Շաբաթականները ոչ միայն շորի, կոշիկի գինն է տալիս, այլ ինձ էլ կարող է հագցնել։
— Ապրի, Ալիի աջը նրա գլխից անպակաս լինի,— ասաց ծերուկը, ապա հարցրեց․— անունն ի՞նչ է։
— Ջաֆեր, բայց ցավում եմ, որ երեխաս գրել-կարդալ չպիտի կարողանա սովորել։ Ինքը շատ հավաս ունի։ Մատիտ ու թուղթ է բերել և ամեն իրիկուն նկարում, գրում ու հաշվում է։ Ի՞նչ անեմ, եթե չաշխատի, քաղցած կմնանք։
— Թող բանի ժամանակ գործարանում աշխատի, իսկ ազատ ժամանակ տանը գրել-կարդալ սովորի, հաշվե ու նկարե։
— Շատ աշխույժ, ժիր տղա է, ընդունակ և զգայուն։ Երկու ամսի մեջ սովորեց հաշվել և գորգ գործել, վերակացուներն այնքան սիրում են, որ շաբաթականը վեց ամսվա ընթացքում մի աբասուց մի ղռան բարձրացրին (4-20 կոպեկ)։ Հիմի ուրիշ գործարանից եկել են և երկու ղռան են առաջարկում, բայց տեղը հեռու է, ես չեմ թողնում աչքիս առաջից հեռանալու։
— Աներևույթի աջը դրան պահե․ դա անշուշտ մարդ կդառնա, տուն կպահե, քանի որ ինքը չքավորության դառնությունը մանուկ օրերում քաշել ու զգացել է։
— Ինչ դառնություններ եմ քաշել, միայն խորաքննիչը գիտե։ Բախտս էր, ինչ կարող էի անել։ Պիտի համբերեմ․․․ Բայց դուք էլ շատ բախտավոր չեք երևում։ Կենդանի մարդերի շրջանները թողնում եք և մեռելների հետ ժամերդ անցկացնում։
— Իմ էլ բախտս այսպես է սահմանել։ Կինս թաղեցի, ուրիշ կին չհանդգնեցա առնելու և մնացի մենակ։ Խոսակից և մխիթարիչ չունիմ, գալիս եմ պառավի հոգու հետ մասլահաթ անելու, նա ինձ շատ հավատարիմ էր, բայց ափսոս որ թողեց, գնաց։ Ինձ գոնե շուտ քաշե տանե, ես էլ ազատվեմ։
— Այդ արարչի կամքն է․ բայց դուք, Հաջի-աղա, ինչի՞ պիտի շերիաթի հակառակ վարվիք․ ձեր ի՞նչն է պակաս, ինչի՞ պիտի չկարգվեիք, որ մի հոգեկից բարեկամ գտնեիք․․․
— Վատ կնոջ զրպարտությունից և նենգությունից վախեցա ու հարսների աբով մնացի։