Էջ:Collected works of Atrpet.djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աբդուլ-Ալիի կինը երեք ամսից հետո նկատեց, որ սկեսրայրը այդքան երկար միջոցում լվացքը չի տվել լվանալու։ Նա անմիջապես քննեց և տեսավ, որ ծերունու բոլոր սպիտակեղենը մաքուր, լվացած և այնպես ծալված, դրված էր, որ իրենց աղախինները չէին կարող այդքան խնամքով գործ կատարել։ Ուրեմն պարզ էր, որ սկեսրայրը դուրսն էր լվանալ տվել իր լվացքը։ Նենգամիտ կինը ամբողջ երեք օր հետամտեց սկեսրայրին և նկատեց, թե նա ինչպես գնաց, մտավ Քյուլսունի տունը և երեք ժամից հետո դուրս եկավ։

Փոթորիկ բարձրացավ նուխեցու տանը։ Նրա հարսները լսելով եղելությունը, իսկույն հավաքվեցան Աբդուլ֊Ալիի բնակարանում խորհուրդ անելու, թե ինչ միջոցի դիմեն, որ ծերուկը արձակե Քյուլսունին, որը, ինչպես պարզվեց, իրենց հանգուցյալ սկեսուրի մորքուրի թոռն էր։ Բավական չէ, որ մեր ամուսինները նրան պահում են, այսօր գնացել մի դուրս ընկած բանանողի հետ է ամուսնացել, որպեսզի իր որդիներից քաշե, նրան ուտացնե և մահվանից հետո էլ մեր գլխուն փորձանք դառնա, դատարան քաշե մեր ամուսիններին։

Հարսները իրենց սրտի մաղձը նույն իրիկունը թափեցին իրենց ամուսինների գլխին, բորբոքեցին և առավոտ նրանց ճանապարհ դրին դեպի շուկա։ Աբդուլ-Ալին շուկա չգնաց, ախունդին դիմել և լսել էր, որ երեք ամիս առաջ էր կատարված այդ ամուսնական դաշնագիրը։ Ամեն բան օրինական էր, հետևաբար ոչինչ չէին կարող ասել իրենց հորը։ Շերիաթի համաձայն նա իրավունք ուներ կին առնելու։ Մանավանդ որ կինը չէր եկել Աբդուլ֊Ալիի տունը, այլ մնացել էր իր սեփական տանը, հետևաբար ոչ մի ճնշում չէր կարող անել։ Եթե ծերուկը նրան ապրելու համար շնորհված բնակարանը կին բերեր, Աբդուլ֊Ալին կարող էր իսկույն վռնդել։

Անկարելի էր բռնի կերպով կնոջից բաժանել, իսկ եթե հոր վրա ճնշում գործ դներ, պիտի խայտառակվեր դրացիների առաջ։ Այնինչ հարսներն ու եղբայրները բորբոքված պահանջում էին կարճել ծերուկին տրված թոշակը և տանից դուրս հանել։ Աբդուլ-Ալին մտածում էր՝ ի՜նչ միջոցով հորը ճնշել,