Էջ:Collected works of Atrpet.djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ կարողանա կնոջը թողնել տալ։ Նա գիտեր, որ հայրը ոչ միայն կարճամիտ չէր, այլ օրենքն էլ լավ գիտեր։ Անհնար էր նրա համառությունն ընկճել։

Այդ օրը նա սովորականից վաղ տուն դարձավ, որպեսզի հորը տեսնի, գուցե մի հնար գտնի և կարողանա բորբոքված եղբայրներին զսպել։ Բայց հայրը տանը չէր։ Նա երկար սպասեց իրենց պարտեզում, ղալիոն ծխեց, թեյ խմեց,ծառերը, ծաղիկները ուղղեց, ապականությունները մաքրել տվեց, քանդած- փլվածը ուղղել տվեց։ Ամբողջ ամիսներով չնկատածը և չքննածը այդ օրն իմացավ։ Զայրացած նա ման էր գալիս պարտեզում,նախատում ու հայհոյում ծառաներին, անվերջ հրամաններ էր տալիս և ստիպում այս ու այն պակաս–պռատր դրստել։

Ճրագները վառելուց հետո միայն Հաջի Աբդուլ-Հյուսեյնը դուրս եկավ կնոջ տանից և ուղղվեց դեպի իր տուն։ Առաջին անգամ փոքր որդին Հաբդուլ-Մեհթին, հոր ճանապարհը կտրեց և ասաց.

— Ցնդած, երիտասարդացել նոր կի՞ն ես առել։ Ալևորված մազիցդ, մորուքիցդ չե՞ս ամաչում։

— Երբ դուք երես թեքեցիք ձեր հորից,— ասաց ծերուկը։— ես մի տեղ մխիթարություն պիտի որոնեի, ուր ինձ ցնդված չանվանեն և քաղցր աչքով երեսիս նայեն։

— Հայտնի բան է, պոռնիկները փող կորզելու համար քեզ թե՛ կշողոքորթեն և թե՛ կխնդացնեն։

— Պոռնիկը քո կինն է, որ իմ տնկած պարտեզից բերել տված, վառած փայտը ինձ շատ տեսավ և քեզ նման ապուշի ձեռքով իմ փողերովս շինածդ տնից ինձ դուրս վռնդել տվեց ինձնից ծնած որդուս ձեռքով։

— Լռի՛ր, խելագար, բերանդ կպատռեմ,— ասաց անզգամ որդին, վրա պրծավ ծերուկի վրա և սկսեց բռնցքոտել ու խեղդրտել։ Իսկույն փողոցից անցնողները վրա հասան և հազիվ ազատեցին գազազած որդու ճանկերից թշվառ ծերուկին,որը քիչ էր մնացել թե շնչասպառի։

Մի քանի բարեսիրտ դրացիներ տուն բերին թշվառին թևի տակ մտած և հանգստացրին։ Այս լուրը Աբդուլ–Ռզային ու