Էջ:Collected works of Atrpet.djvu/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հայրիկ, եթե սնդուկում դրամ չենք ունեցել և մի քիչ ուշացրել ենք…

— Քաղցածները պարտավոր են ողորմության ամիսներով էլ սպասել։ Բայց երբ ես իմ գործս կունենամ, այն ժամանակ օրական վաստակածս առանց մուննաթի կուտեմ։ Մանավանդ որ հանցանք է ձեզնից ամսական թոշակ մուրալը…

— Հայրի՛կ, աղաչում եմ, մեզ մի՛ խայտառակի։

— Զավա՛կ, ո՛չ որդունք, որ կրծոտում են սիրտդ ու ոսկորերդ…

Այս խոսակցության հետևյալ օրը Հաջի Աբդուլ-Հյուսեյնը մի փոքրիկ կրպակ վարձեց՝ ներսը մի կոկիկ սենյակով։ Վարձը վեց ամիս հետո պիտի տար։ Քայց նա կանխիկ փող չուներ, որ գոնե կահավորե սենյակը։ Գնաց շուկա, ապառիկ ապրանք գնեց, բերեց կրպակը լցրեց, կշեռք կախեց և տնից էլ լվացքն առավ ու եկավ նստավ առուտուրի։ Նա չընկճվեց, իսկույն դիմեց ծանոթների, ապառիկ ձեռք բերեց նույնպես սենյակի կահավորությունն ու գիշերը քնեց իր վարձած սենյակում։ Թավրիզ հասնելուց հետո այդ առաջին գիշերն էր, որ Հաջին հանգիստ և առանց հոգեկան տանջանքի քնեց իր վարձած անձնական բնակարանում, որի մասին նա ոչ ոքի մուննաթը քաշելու պարտավորված չէր։

Հաջի Աբդուլ-Հյուսեյնին հարգում էին նրա նախկին գործարանի բանվորներն ու վարպետները, թաղեցիներն ու դրացիները, այնպես որ ամեն մարդ նրա դառնացած սիրտը սփոփելու, ստոր զավակներից քաշած տառապանքները ամոքելու համար դիմում էր նրա կրպակը՝ թեյ, շաքար, համեմունք, թել ու կոճակ գնելու և նրա քաղցր խոսքը լսելու։

Այնպես հաջող էր գնում Հաջի Աբդուլ-Հյուսեյնի գործը, որ նա ութ օրից հետո վճարեց իր սենյակի կահավորության դրամը և խանութի երեք ամսվան քրեհը, որոնց բոլորի գումարը 8-10 թումանից ավելի չէր։ Ծանոթները, ծերունի հաջիներ ու թաջիրներ, բոլորն էլ երեկոները իրենց էշերի վրա նստած տուն դառնալիս կանգ էին առնում Հաջիի կրպակի առաջ, 5—10 կոպեկի բան առնում, քիչ խոսում և անցնում էին։