Էջ:Collected works of Atrpet.djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վորների և կալվածատերերի հետ ներկայացան Ամիր-Նիզամ գերուսին, ցույց տվին, թե հրձիգը Աբդու-Թաղին է և բավարարություն պահանջեցին: Իսկույն Ամիրը մարդ ուղարկեց և դիվանատուն հրավիրեց ինչպես Աբդուլ-Թաղիին, նույնպես և նրա մեծ եղբորը՝ Աբդուլ-Ալիին։ Եղբայրները Ամիր-Նիզամի բռնություններից զերծ մնալու, մի քանի օր գործը քաշքշելու, ժամանակ վաստակելու նպատակով, որպեսզի Աբդուլ-Թաղին Թեհրան հասնի և այնտեղից կարևոր հրամանները հեռագրել տա, գնացին վալիահթին ներկայացան և նրա հովանավորությունը խնդրեցին Ամիր-Նիղամի դեմ։

Վալիահթն սպասում էր Աբդուլ-Թաղիին։ Երբ նկատեց մեծ եղբայրներին, նա ժպտալի ասաց.

- Ես երբեք ձեզ չեմ կանչել, գնացեք և Թաղիին ուղարկեցեք։

- Ղուրբան,- ասաց Աբդուլ-Ալին,- նա երկու օրից ի վեր ճանապարհորդում է դեպի Թեհրան։

- Նա գիշերս այստեղ չէ՞ր։

- Թաղին երեկ առավոտ ճանապարհ է ընկել։

- Ուրեմն թաղապետն ու ոստիկանապետը ինձ խաբե՞լ են, զրպարտե՞լ են։

- Ղուրբան, նրանց խաբել են սուտ խոսքերով և հավատացրել, որ իբր…

- Բայց եթե հաստատվեց, որ երեկ և գիշերս Թաղին քաղաքումն էր, այն ժամանակ ձեր եղբոր տեղը դուք կտուժեք…- ասաց վալիահթը, զննելով նրանց դեմքերը։

- Մենք պատրաստ ենք ձեր բոլորր տուգանքները սիրահոժար տանելու,- ասաց Աբդուլ-Ալին,- միայն թե արդարություն ենք խնդրում։

- Մոտ արի,- ասաց վալիահթը և նշան արավ, որ ծառայողները հեռանան դահլիճից։

Աբդուլ-Ալին մոտ գնաց և այնքան մոտեցավ վալիահթին, որ նրանց խոսակցությունը մարդ չէր կարող լսել։

- Դու ինձ ճիշտն ասա, Թաղին գիշերս այստե՞ղ էր, թե ոչ։

- Ղուրբան, - ասաց Աբդուլ-Ալին ցածր ձայնով, - ես երեկ