Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ամերիկա կին ու երեխաներ չկա՞ն։ Էլ ինչի՞ պիտի վերադառնա։ Թող զառամյալ պապը տանջվի, որ թոռներին պահե։

— Աղա, դու գիտես. մնացել ենք օտարի դռանք, սոված ու անճար։

- Ո՛չ, ո՛չ, էլ չգաս, չեմ կարող այլևս ևս բեռ շալակել Քյուլսունի ութ տարվան որդին օրական մի ղռան է բերում իր մորը, դու երեք որդի ունիս՝ 15, 12 և 10 տարվան։ Գնացեք, աշխատեցեք և ապրեցեք։

— Նրանք իրենց գլուխը չեն կարողանում պահել, ես աղջիկներին և մանրերին ի՞նչ անեմ։

— Չաշխատողը իրավունք չունի ուրիշի վաստակն ուտելու,— ասաց ծերուկը հառաչելով։

— Դու տվիր և սովորեցրիր ձրիակերության․ ես այժմ նրանց ինչպե՞ս վարժեցնեմ ջանասիրության։ Չեն աշխատում, չեն ծառայում արհեստի։

— Որ քաղցած մնան, ցրտից մրսեն, խոնավությունից տանջվեն, այն ժամանակ կարիքը նրանց գործի կմղե։ Գնա ե նրանց տար գորգագործարան, թող բանեն և ապրեն։

Երբ Այիշեն գնաց, Հաջի Աբդուլ-Հյուսեյնը ընկավ մտատանջության մեջ։ Նա մի քանի անգամ ծանր-ծանր մտքում կրկնեց հարսի ասածները. «Դու տվիր և սովորեցրիր ձրիակերության, ես այժմ ինչպե՞ս վարժեցնեմ ջանասիրության»։

«Այո,— ասաց մտովի Հաջի Աբդուլ-Հյուսեյնը,— ես տվի, ես վաստակեցի նրանց համար, ես պատրաստեցի, ես հավաքեցի, ես զրկեցի նախ ինձ, ապա կնոջս և ապա բանվորներիս և այդ բոլորի ատամների ավելվածից, հագուստից ու կապուստից ետ գցածս, սրանց շահն ու տոկոսը ես բարդեցի և հասցրի տասնյակ հազարների, որ նրանց ապագան բարվոքեմ։ Ես երբեք չմտածեցի, իմ մտքովս երբեք չէր անցել, որ նրանք այդ առատության, այդ անբավ կարողության մեջ պիտի այն աստիճանի անառականանային, որ իրենց հոր դեմ զինվեին։ Միթե ես նրանց սովորեցրի շռայլություն, զեխություն