Էջ:Collected works of Atrpet.djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դիմաց։ Ներսեսի սուրճը քթից եկավ։ Նա զգաց, որ Նիկողոսը անպատճառ իր բարերարության խոսքը բանալու է, այն էլ հրապարակով։ Եվ իսկապես, սուրճի ֆինջանը ձեռքին, չիբուխի ծխախոտը ծխելով՝ ասաց Նիկողոս-աղան.

— Հը՛, ինչպե՞ս ես, Ներսես֊ախպար, երեկ լավ ախորժակով վայելեցի՞ք տժվժիկը, համո՞վ էր, հը՞։ Մարդու քեֆը կգա, երբ սրտի ուզածին պես պատրաստեն կերակուրները։

― Ինչպե՞ս չէ, ինչպե՞ս չէ,— կմկմաց Ներսես֊ախպարը, հուսալով, որ Նիկողոս-աղան իր պատվից կամաչե և չի պարզի թոքի պատմությունը, թեև սիրտը բորբոքումից արդեն սկսել էր արագ-արագ թրթռալ։

― Այդ ի՞նչ տժվժիկ է,— մեջ ընկավ սրճարանի հյուրերից մեկը։

— Ոչինչ,— ասաց Նիկողոս-աղան, ծանրացնելով խոսքը,— երեկ մեր մսագործի մոտ մի լավ թոք տեսա. սիրտս ուզեց, առա, որ տուն ուղարկեմ, բայց ափսոսացի, որովհետև մեր տնեցին կարգին չի կարող ուզածս տժվժիկը եփել։ Այդ մտմտուքի մեջ էի, որ պատահեց Ներսես֊ախպարը, իսկույն տվի նրան։ Ասի, մեկ չէ՞ մեր տուն ղրկած, ձեր տուն ղրկած։ Փա՜ռք աստծու, մենք դրացիներ ենք, ջոկողություն երբեք դրել չենք իրար մեջ, «իմ ու քո» ե՞րբ է մտել մեր մեջ, ո՞վ է փնտրել։ Մենակ քեֆս եկավ, ես հավատացած եմ, որ քույրս չէր փչացնի այն պատվական թոքը, կարգին բան կեփեր։ Իմ ուզածն էլ այն է, որ բանը տեղն առնե ու լազաթ ունենա։ Մեր տուն որ ղրկեի՝ զահրումար էր դառնալու, ո՞վ կարող էր թիքա ուտել։ Լավ բանը սիրում եմ, գիտեմ, որ քույրս այնպե՛ս տապակած կլիներ, որ Ներսես֊ախպարը համից, հոտից հարբած՝ մատներն էլ խածոտած կլիներ տժվժիկի պատառների հետ։ Դե՜հ, այժմ շարունակությունը դու պատմե, Ներսես- ախպար, ես իմս պրծա։

― Էհ, ի՞նչ պատմեմ, շնորհակալ եմ, եփեցինք, կերանք, պրծանք գնաց,— ասաց Ներսեսը կարմրելով։

— Անուշ լինի՛, խոսքս դրա մասին չէր։ Ուզում էի իմանալ, թե կարգի՞ն էր տապակած տժվժիկը, համո՞վ էր։