Էջ:Collected works of Atrpet.djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Շա՜տ համեղ, շատ ախորժելի,— ասաց սիրտը մորմոքելով Ներսես-ախպարը՝ ողջ անձով քրտնած, թրջված։

— Այդ հասկանում եմ, մարդ ուզածը գտնե, տեղովը, տեղակի։

Ներսես-ախպարը դուրս եկավ այլևս կիրքը չկարողանալով զսպել, բայց Նիկողոսին էլ հաճելի էր, որ ամեն տեղ տժվժիկի պատմությունը խոսվի, որտեղ որ պատահեր, ուր որ հանդիպեր, խոսքը տժվժիկի մասին պիտի բանար կամ այդ մասին պիտի տար։

— Ներսես-ախպար, հիշո՞ւմ ես թոքը, կամ թե՝ «ինչպե՜ս, համե՞ղ էր տժվժիկը»։ Ողջ քաղաքը տժվժիկի ցավն ընկավ, Նիկողոսն ամեն տեղ պատմեց ու խոսեց։

Անցավ մի շաբաթ, մի ամիս, երեք ամիս, վեց ամիս, վերջապես տարի, բայց Նիկողոս-աղան, որտեղ պատահեր՝ պիտի հիշեցներ Ներսեսին թոքը և տժվժիկը՝ թե՛ փողոցում, թե՛ եկեղեցու գավթում, թե՛ սրճարանում, թե՛ բաղնիսում, թե՛ հարսանիքում, թե՛, վերջապես, ժողովներում, այնպես որ հազար անգամ Ներսես-ախպոր քթից, պնչից դուրս եկավ Նիկողոս-աղայի գնած թոքի տժվժիկը։ էլ համբերությունը սպառած, մի օր նույն մսագործի խանութի դռան առաջ կանգնած, վերարկուի տակ մի բան թաքցրած՝ սպասում էր Ներսես-ախպարը։ Դեպքն այնպես բերեց, որ Նիկողոս֊աղան էլ այնտեղ եկավ իրենց ծառայի հետ միս առնելու և նկատելով Ներսես-ախպորը, ասաց.

— Ներսես-ախպար, ինչպե՞ս ես, լա՞վ ես։ Հիշո՞ւմ ես այն թոքը, այն համեղ տժվժիկը…

— Ահա ա՛ռ քո թոքը և ձա՛յնդ կտրե,— ասաց զայրացած Ներսես-ախպարը և աբբայի տակ թաքցրած թոքը դուրս հանելով, այնպես շրմփացրեց Նիկողոս-աղայի քթին, բերանին, որ վերջինս ապուշ դարձավ, տեղն ու տեղը մնաց՝ երեսը, գլխի թանկագին շալը, վիզը արյունով ներկված։