Էջ:Collected works of Atrpet.djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առաջ։ Գևորգ աղայի երկյուղից ո՞վ կարող է գալ և նրա դեմ վկայել։ Կա՞ ամբողջ Սազի դաշտում մի հայ, որը պարտքով կամ ուրիշ խնամիական կապերով կապված չլինի այդ արյունարբու աղայի հետ։ Կամ եթե գան, արդյո՞ք դատավորները կլսեն այդպիսի վկաներին։

— Դու վկա բեր կարգին և պատվավոր մարդիկ, դատավորները քու պահանջիդ բավականություն կտան,— ասաց էֆենդին և հրամայեց, որ անկողինները պատրաստեն, որպեսզի հանգստանան։

Քեհյան հյուրերին յուր տունը տարավ և առավոտ վաղ ճանապարհ գցեց դեպի քաղաք։ Ամենքի խոսակցության նյութը դարձյալ Վարդևանն էր, նա գյուղի մեջ ամենքի ապշության և արմանքի նյութ էր մատակարարում։ Վարդևանը առավոտից մինչև իրիկուն խոսում էր այս դրացու, այն բարեկամի, ծանոթի ու անծանոթի հետ, բայց երկու լուրջ, վստահելի մարդ չէր գտնում, որ տանի, ներկայացնի դատարան և պատժել տա հանցավոր վաշխառուին։ Ամենքն ասում էին, որ գիտեն, տեսել են, համոզված են Վարդևանի լույսի նման պարզ վճարումների ճշմարտությանը, բայց ինչ-ինչ պատճառներով, վրեժխնդրությունից վախենալով, չեն կարող մտնել դատարան և ճակատ-ճակատի դիմաց բացատրել արդարությունը։ Կային այնպիսինները, որոնք այրված սրտով խոստանում էին Վարդևանին այդ պարտականությունները, իսկությունը վկայելու պարտքերը կատարել, բայց դրանց էլ վստահել չէր կարողանում Վարդևանը, քանի որ դրանցից յուրաքանչյուրը Գևորգ աղայի հետ ինչ-ինչ դատաստանական վեճեր էին ունեցել, և դատավորները նրանց վկայությունները չէին կարող լսել։

Բայց ամենից գլխավորը փաստաբանի կարիքն էր։ Քաղաքի ամենահայտնի փաստաբանը պաշտպանում էր Գևորգ աղայի գործերը։ Իսկ սրա դեմ մասնակցող և անվանի մարդ էր հարկավոր, որպեսզի խոսքը կարողանար առաջ տանել և դատավորներին ստիպել լսելու Վարդևանի վկաներին։ Մի այդպիսի մարդ էլ հեշտ չէր ձեռք բերվի, տասը-քսան լիրայի հազիվ հանձն առնեին մտնել դատարան և պաշտպանել Վարդևանին,