Էջ:Collected works of Atrpet.djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուզում ես, որ ես է՞լ քու օրն ընկնեմ։ Թե՞ քեզ քեհյա է անել տվել, այդ բանից ուրախանում ես։ Ո՛չ, ո՛չ, ես փող կգտնեմ, ես նրա պարտքը կտա՛մ, ես իմ հողերս, քանի ողջ եմ, չե՛մ ծախիլ։ Իմ մահվանից հետո ինչ ուզում է թող լինի։ Ասա, ասա տեսնեմ, ահա՝ ինչքան ուզում ես փող վաստակիր, կարո՞ղ ես սրանից հետո քաղաքացուց ծախսածդ հողերը ետ առնել։ Թե կուզես տասն անգամ ավելացրու ծախսածդ գնից, տես քեզ մի բուռ հող ետ կտա՞ն։ Գյուղի մեջ որքան որ բերրի արտ, շնորքին մարդ կար՝ տիրեցին․ հայ, թուրք, բոլորի աչքը մեր հողերի վրա է, էլ մեկ անգամ ձեռքից հանելուց հետո ե՞րբ կարող ես նորից հողեր ձեռք բերել։ Մի քանի գյուղացի կան, որ ունին իրենց հողերը, բայց ե՞րբ կծախեն։ Անխղճություն չէ՞ նրանց հողին աչք տնկելը։ Չէ, քեհյա՛, ավելի լավ է, որ ես ինձ սպանեմ, ես իմ մանր ու խոշորին դնեմ դանակի տակ մորթեմ, քան թե մի թիզ հող ծախեմ։ Հող չկա, սահմանը քեզ հայտնի է, ամբողջ Սազում մի թիղ թաց հող չկա, իսկ մենք այս պապենական դաշտից չենք կարող դուրս գալ։ Հինգ ոսկով նա ինձ գերեց ու ստրկացրեց, հինգի փոխարեն տասնևհինգ լիրա է ստացել, տասնևհինգ լիրայի էլ ձեռքում վճիռքն առած, ուզում է տունս-տեղս բրիշակ անել, հողերս տիրել… Ո՛չ, ո՛չ, այդ թանը նա չի՛ տեսնիլ… Ես նրա փողերը կվճարեմ, կտամ, չեմ թույլ տալ, որ նա աճուրդի հանե իմ կալվածները…

7

Մութն էր, գիշերային խավարը առանց լուսնյակի պատել էր երկիրը։ Երկնակամարի կապուտակը մթագնել էր, և աստղերը ավելի բոցավառված շողշողում էին։ Աստղերի միջից պարբերաբար ասուպներ գլորվում էին զանազան ուղղությամբ, հետքից շողալեն գիծեր բաց թողնելով, որոնք իսկույն անհետանում էին։ Թեև զեփյուռը մեղմ սուլումներով սահում էր դաշտի երեսով, Սազի մակարդակով, բայց այնքան թույլ էր, որ ուռիների ճյուղերն անգամ չէին թեքվում և հանդերի