Էջ:Collected works of Atrpet.djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պարտատերը, կթանի եղն ու պանիրն էլ վրա գնաց, բայց անկուշտ պարտատիրոջ ճանկից չխալսեցանք։ Ես առանց գութանի չեմ կարող ապրել,— ասում էր մեծ-մեծ կոտրտելով հայրս, բայց այժմ գութանից ջոկ մյուլքերն էլ պիտի տա…

— Օ՛ֆ,— սրտի խորքերից հառաչեց Մնացականը, որին իսկույն արձագանք տվեց Մարգարիտը, և լռեցին երկուսն էլ մի պահ… Բայց Մնացականը հորն ու աներոջ սխալը այնքան մեծ չնկատելով, չկարողացավ սրտում դատածը չարտահայտել իսկույն յուր սիրեկանին։

— Բայց նրանք քու ցույց տվածի չափ էլ մեղավոր չեն, առանց ախոռի ու օդայի ապրելն անհնար է, վնասակար է, պետք էր դրանք շինել, իսկ առանց գութանի գյուղացին միայն չոր հաց կարող է կրկտել և միշտ պարտքի տակ տոկալ: Այս ահագին խարաջին ու փեշքյաշներին միայն գութանով կարելի է բավարարություն տալ:

Մարգարիտը չպատասխանեց և լռելյայն գրկվեցին երկուսն էլ, թիկն տվին պատին։ Նրանց նստարանը քար էր, նրանց հենարանը՝ կոշտ քարի պատը և բազուկներով իրար գրկած, անմռունչ ու լուռ իրենց վիշտն էին արտահայտում և այն լռությունով շատ ու շատ մտքեր էին փոխանակում, քան թե բառերով։

Ւսկ Վարդևանը արձանացած, դարանի մեջ տարածված, լսեց նրանց ու դառն մտքերի մեջ սուզվեց։ Սկզբում շատ վրդովվեց, երբ լսեց ծնողների արարքների քննադատությունը, ուզեց խզել այդ խոսակցությունը և իսպառ բաժանել սիրեկաններին, բայց մտածելով ըմբռնեց նրանց ճշգրիտ նկատողությունը, հոգվով խռովեցավ, դառնացավ և անզգայանալով թմրեց, չկարողացավ անգամ սթափվել…

Թմրությունը այն աստիճան ծանրացել և թուլացրել էր Վարդևանին, որ նա մինչև անգամ չզգաց, թե ինչպես սիրահարները բաժանվեցին և վերադարձան իրենց բները, խոստանալով հետևյալ օրը ժամադրած վայրը ներկա գտնվել և իրար պարզել օրվա անցկացրած դեպքերը։ Երբ սթափվեց Վարդևանը և նրանց չգտավ իրենց տեղում, սկզբում սոսկաց, քիչ-քիչ երբ համոզվեցավ, որ նրանք արդեն չկան, շտապեց տուն