Էջ:Collected works of Atrpet.djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դեռ հազիվ ճանապարհել էր Վարդևանը Մարուքին, ինքն էլ շշմած մտածում էր անելիքի մասին, երբ նրա դուռը կտրեց մի ուրիշ հարևան, որից մի լիրա էր փոխ առել Վարդևանը ու դատաստանական գործադիր մարմնի ներկայացուցչին տվել որպես վարձ։

— Այն մի լիրան, Վարդևան աղբար, հոգուդ մատաղ։ Մուտուրկանցուց մի սոմար ցորեն գնեցի, կալին պիտի տա, այսօր նեղություն ունի եկել է, պահանջում է։

— Մի լիրա՞ն․․․ Բայց փող չունե՛մ, ճար չկա։ Չի սպասել մի տասնևհինգ օր. Ղարսից՝ Գեդևոնիցս փող պիտի գա, իսկույն կտամ։

— Հավատացի՛ր,շատ նեղն եմ, մարդը եկել է դուռս, չտամ, վախենամ ցորենը թանկե, հետո մանր ու խոշորս նեղության մեջ գցեմ…

— Մի տեղից գտի՜ր, Մարգար ջան,արևս վկա՛, Գեդևոնիցս փող ստանալուն պես առաջին անգամ բերեմ քեզ վճարեմ… Մի՛ վախենալ, շատ չեմ ուշացնի, մի՛ կասկածիլ, նամակ ունիմ, կարելի է, որ հիմի Պոլիս էլ եկած, քաղաք հասած լինի։

Իրար ետևից, կարծես միախորհուրդ, գալիս էին Վարդևանի պարտատերը, և նա մոլորված ամեն մեկին մի-մի պատասխան տալով ճանապարհում և մորմոքալով հառաչում էր։ Քանի որ արտերը ցոլում էին, առատ բերք խոստանում, մարդ չէր հիշեցնում Վարդևանին յուր պարտքերը։ Երբ կարկուտը ոչնչացրեց և փչացրեց նրա աշխատության պտուղը, ամենքն էլ կասկածեցան նրա պարտաճանաչության մասին (գոնե Վարդևանը այդպես էր բացատրում), սկսեցին խստիվ իրենց պահանջները ուզել։ Մարդ է, դրացիություն է, կարիք է, ամենքն էլ ունին պարտք ու պահանջ, բայց պարտապանը չունեցածից ի՞նչ կարող է տալ։

Հենց այդ դառը մտքերը Վարդևանին պաշարած օրերը քաղաքից մի պաշտոնական եկավ և մի հայտարարություն ևս հանձնեց, թե օգոստոսի մեկին աճուրդով ծախվելու է Վարդևանի շարժական կարողությունը։ Եթե այդ կարողությունը չլրացներ նրա Գևորգ աղային ունեցած պարտքը, այն ժամանակ