Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բաժին տվիր, տանից հեռացրիր։ Լավ համոզված ես, որ ես այլևս չեմ կարող ետ դառնալ, քանի որ Վարդևան ապարը աոողջ է, ես նրա աչքին երևալ չեմ համարձակվիլ։ Մանավանդ որ շեյխի նման աղայի ձեռքի տակ մարաբա լինելը մեզ բնավ հաճելի չէ։ Տարին տասներկու ամիս նրա համար աշխատելուց, հոգնելուց, դադրելուց և մորմոքալուց հետո նրա և յուր տռփոտ լակոտների կրքերին զոհ դառնալու առիթներից փախչելու է…

«Ես արդեն այստեղ մտա դվնիկցի վարպետների մոտ քար տաշելու, օրական առայժմ մինչև մի ռուբլի վաստակում եմ, այնպես որ այդ փողով մենք երկուսով հանգիստ ապրելուց ջոկ, կարող ենք մի բան ետ գցել և ձեր նեղություններին էլ օգնության հասնել։ Թեև այստեղ էլ գարուն չի եկել, բայց շատ գործ կա, որոնց համար քար են պատրաստել տալիս ձմեռը, տաշում և գարունը բացվելուն պես գործերը կարգի դնում:

«Ուղիղ է, այստեղ էլ աշխատում ենք ուրիշի դռանը, այստեղ էլ մեր աշխատանքից մաս ու բաժին են հանում վարպետները, վերակացուները, կապալառուները, այնպես որ մեր աշխատության գնի կեսն էլ մեզ չի հասնում, բայց համեմատաբար այդտեղից շատ ու անչափ հանգիստ ենք և հոգիներս չի խռովում անգութ աղաների, դաժան գործակալների և դատարկապորտ ոստիկանների ներկայությամբ։ Այդտեղ պարտավորված էինք դառն աշխատելուց հետո ոչ միայն չոր ու ցամաք ապրուստով զրկանքների մատնել մեր անձը, այլ մինչև անգամ լռելու, մնջելու և գլուխներս կախած հնազանդելու այն հարվածների առաջ, խոնարհվելու այն ձեռքերի տակ, որոնք մեզ տանջում էին։ Այնինչ այստեղ մենք ոչ միայն մեր վաստակը ուտում, խմում, կարգին հագնվում ենք, այլ մինչև անգամ մեզ գործ հանձնողների դեմ բողոքում ենք, երբ մեզանից բան են ուզում քաշել, մեր պահանջներից, օրավարձերից զեղչել։

«Միայն ձեր կարոտն է մեզ տանջում, միայն ձեր սերն է մեզ հիշեցնում հայրենի օջախը, թե չէ մարաբայական լուծը այնպես է դառնությամբ լցրել սիրտներս ու հոգիներս, որ հավիտյան Շխնոցի անունը չէինք ցանկալ տալ, շեյխին չհիշելու