Էջ:Collected works of Atrpet.djvu/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համար։ Մեր վերադարձին մի՛ սպասեք, մեր վզին ձեր դառնության շղթան անցկացնելու մի՛ տքնիք, ո՛չ ետ կգանք, որ ոչ էլ թուրքի, բեգի և աղայի երես տեսնենք։ Հերիք է, որքան սրտերումս կուտակված մաղձը, թույնը պարտավորվել ենք փսխել ու կրկին կլանել, կուլ տալ, լռել ու համբերել։ Ավելի լավ է օրականի հույսով մնալ և այս պանդխտության մեջ չարչարվիլ, գլուխ պահել, քան թե տուն դառնալ և աղայի առաջ գլուխ թեքել ու մորմոքալ:

«Գիրս մասնավորի երկար գրել տվինք, մեր վիճակը ձեզ հայտնեցինք, որ էլ ո՛չ մեզ փնտրեք, ո՛չ էլ մեր վերադարձին սպասե՛ք։ Միայն ձեզանից կրկին ու կրկին խնդրում ենք, որ մեզ օրհնե՛ք, մեր արարքը մոռանա՛ք, մեզ թողություն տաք։

«Համբուրում ենք ձեզ բոլորիդ՝

Ձեր որդիքը՝ Մնացական և Մարգարիտ»։

«Հ. Գ. Գեդևոնն ու Մելքոնը Միխայլովո են աշխատում, գալողներից լուր ստացանք, որ առողջ են, հաջող և ինչ-որ կամուրջների վրա են աշխատում»։

Կարդացին ու հառաչեցին հայրերը, արտասվեցին մայրերը, և սրանց արտասուքը թրջեց իրենց կրծկալները, ողողելով իջավ գոգնոցները, թացցուց։ Վարդևանը տեղ-տեղ նամակը մի քանի անգամ կարդաց, մի քանի անգամ զննեց և վար դրեց։ Մանուկը մոլորված տնքում էր և խեղդված ձայնով շրթունքների միջից դուրս մղում յուր այրված սրտից բխած հառաչանքները։ Երբ ընթերցանությունը ավարտեց Վարդևանը ու վար դրեց նամակը, Գարանն ու Մարիամը հեռացան հյուրասենյակի մթությունից տան խորքերը և սկսեցին հեկեկալ։

— Հիմի բան չունիմ ասելու,— մրմնջաց Վարդևանը,— ղոչաղ տղա՛, հալալ լինի քեզ աղջիկս։ Աշխատիր ու ապրեցե՛ք։ Մարաբայությունից փախչողը աստծուն կմոտենա, խելքը գլխին մարդն էլ երթա ու մարաբա՞ դառնա։ Բայց ի՞նչ եղան այդ անխելքները։ Այդ հիմար Մելքոնը չի էլ մտածում, որ ցանքերը մոտեցան, և հայրը մենակ է, միսմենակ։ Ես այնքան հողս ինչպե՞ս կարգի բերեմ մենակ։ Հիմարը չի մտածում,