Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քեհյա՛, -ասաց Մամոն,-ինչի՞ այդ մասի վրա մյուսներից ավելի խնամք ես տանում։

— Այդ դու չգիտես, բայց վերջը ինձնից շատ գոհ կմնաս։

— Ես քու գործին խառնվել չեմ սիրում, բայց ուզում էի հասկանալ պատճառները։

— Այս սենյակները հատկացնելու եմ բանտի, սրա լուսամուտների հաստ երկաթե ճաղերը պատվիրել եմ վարպետ Չլոյին. իրիկվան կբերի, կտեսնես։

— Ախա՛ր, ես գիտեմ, որ դու հազար անգամ չփորձած, չձևած, խամ գործ չես բռնիլ։ Լավ էլ մտածել ես, լուսամուտները բակի կողմն ես գցել, բայց մի անհարմարություն ունի, որ հարեմիս լուսամուտները սրա դեմուդեմ պիտի նային։

— Դրա մասին էլ մտածված է։ Այստեղից մի բարձր պատ կքաշեմ և խանումներդ միայն իրենց բակում աճած վարդն ու ծաղիկները կտեսնեն, իսկ բանտարկյալներն էլ նրանց գլխին հանգչող սոխակի և տատրակի դայլայլիկները միայն կլսեն։ Պետք է լսեն, որպեսզի էլ դառնանա իրենց տաժանելի կյանքը։

— Դու, Քյալաշ քեհյա… քեզ պետք էր վեզիր շինել, քեզ պետք էր փոխարքա նշանակել, ափսո՜ս, ափսո՜ս, որ ես թագավոր չեմ։

Դ

Քյալաշը, աշխարհ մոռացած, ուշքը-միտքը հավաքել էր սարայի շինության վրա, որտեղ ապագայում ինքը պիտի փառավորվեր և վրեժը լուծեր յուր համագյուղացիներից, որոնք իր ձեռքից ետ էին առել վարչական ղեկը։ Նա մտածում էր այնպիսի մի հարված տալ հակառակորդներին, որ դարերով չանհետանար նրա հիշատակը։ Բայց միանգամայն խորամանկությամբ աշխատում էր գործին մի այնպիսի ընթացք տալ, որ դարձյալ գյուղի վարչությունը մնար յուր ձեռքում, և թեմրանցիները սերնդաբար ծառայեին Ամիրխան քեհյայի հաջորդներին։