Էջ:Collected works of Atrpet.djvu/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քյալաշը գյուղական վարչական գործերում բոլորովին ներկա չէր լինում, ինչ որ ուզում էր անել, Մամոյին խոսում էր և մի կողմ քաշվում. ինքը՝ տիկ, Մամոն՝ բերան։ Մշակների թիվը օրեցօր աճեցնում էր և պահանջները բարդում։ Տասնութը գյուղացիք ոչ միայն շինության հարկավոր առարկաները ձրիաբար կրում էին, այլ շինության վրա բանող քառասուն վարպետներին գառի մսով, հավով, բադով, որսով և եղոտ բրնձի ու հաճարի փլավով կերակրում էին։ Եթե մի օր փլավի հետ մածուն էին տալիս, երկրորդ օրը թթու չիր պիտի տային, երրորդին՝ տառեխ, այնպես որ վարպետները թեև վարձատրություն չէին ստանում, գոնե կուշտ փորով էին բան անում։ Բայց երեք ամիս անընդհատ բոլոր պահանջները լրացնելով, գյուղացոց բնաղունի բղուղներն ու կարասները, ամբարներն ու հորերը դատարկվեցան, և շատերը իրենց օրական ուտելիքից անգամ զրկվեցան։ Դրա վրա պետք է ավելացնել և այն հանգամանքը, որ շատերը իրենց գարնան ցանքը չկարողացան կատարել, շատերն էլ չկարողացան աշնան ցանքը ժամանակին ջրել, այնպես որ հանդերի ջրելը մնաց երկնքի կամքին։ Երկինքն էլ խռովել էր, երաշտ էր տարին և ջերմեռանդ ժողովրդի կատարել տված թափորներն ու խնդրվածները ազդեցություն չունեցան։

— Երանի՜ թե, եղբա՛յր, ես էլ քարտաշ կամ հյուսն լինեի և իմ ձեռքով քեզ համար բերած կերակրով փորս կշտացնեի։ Այս ի՜նչ սև օրը մնացինք, ահա երեք ամիս է բեգյար բան ենք անում, տներս դատարկելուց հետո, վրաներս էլ թափվեցավ, ո՛չ կռնակիս շապիկ կա, ո՛չ ոտքիս տրեխ։

— Է՜հ, դուք գիտե՛ք, թե մենք մեծ կերուխումի մե՞ջ ենք… Արի ու մի հարցրու, ամեն մի պատառը ուտելիս կարծում եք բկներիս չի՞ կանգնում, չե՞նք տեսնում, որ դուք ձեր մատղաշների, ձեր կաթնակերների բերանից կտրում ու մեզ եք բերում… Ամեն պատառի հետ աղու-թույն ենք կուլ տալիս, բայց ճարներս ի՞նչ, առավոտից մինչև իրիկուն մտրակը ձեռքերը, հրամայում են. բանեցե՛ք, շինեցե՛ք, շարեցե՚ք… Դե՛հ, հոգնածությունից հետո մի ուտիլ, մի բանիլ… Մեկ մտածեցե՛ք, թե մեր տներն ի՞նչ օրումն են, այս տարի ցանքեր