Էջ:Collected works of Atrpet.djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Է

Սարայը պատրաստ էր, մնում էր միջի զարդարանքը։ Աղքատ գյուղացու պատռած ու կեղտոտ փալասներովդ չէր կարելի զարդարել, թանկագին գորգեր, կերպասներ, բեհեզներ և ոսկեթել դիպակներ էին հարկավոր, այնպիսի կտորներ, որոնց մասին գաղափար անգամ չուներ կոպիտ մշակը։ Ջինգյանայի ծակ քսակից երբեք արծաթ, ոսկի չի դուրս գալ մետաքս ու դիպակ գնելու, բայց նա յուր թափառական կյանքում, մեծատան և իշխանական դոներում յուր ապրուստը մուրալիս դրանց մասին կարողանում է գաղափար կազմել։ Ո՞ր ջինգյանան չէ՝ Հաճոյացել յուր երգերով առատաձեռն աղային կամ նրա տիկնոջը և չէ արժանացել յուր կյանքում հինգ-տասը կիսամաշ կամ մնացած զգեստներով կուրծքն ու ագդրը զարդարելու։ Մամոն, որ այնչափ բաց բերաններից չէր, տիրոջ աչքով քննել էր արևելյան իշխանականների ճոխ ապարանքները։ Նա ուզում էր նմանիլ Բաղդադի, Շամի, Կահիրեի փարթամ կալվածատերեին։

— Քյալա՛շ քեհյա, ահա ուստա Սեթոն պրծավ գաջի ծեփվածքը, ապակիներն էլ խո՛ ժամկոչի տղան ղալամը ձեռքին գիշեր֊ցերեկ նախշում է, բայց ինչպե՞ս անենք միջի սարքը։

— Պետք է երթալ Արզրում և հարկավոր եղած կահ-կարասիները գնել և բերել։ Այնտեղ ինչ որ պետք է կգտնես։

— «Կգտնե՛ս», բայց գտնելու համար փող է պետք, առանց փողի ո՞վ ինձ ապրանք բաց կթողնե, այն էլ թանկագին ապրանքներ՝ մետաքսի, բրդի կտորներ, արծաթյա, ապակյա անոթներ, դրանք նիսիա չեն ծախում։

— Ուղիղ է, դրանց համար կանխիկ և շատ փող է պետք։

Տիրեց խորհրդավոր լռություն․ երկուսն էլ զբաղված էին փող ճարելու մտքով։ Ո՛չ հեշտ էր այնքան փող ճարելը և ո՛չ էլ ձեռքները կշարժվեր այդքան փողը քսակից հանելով, վաճառականին վճարել։ Քիչ մտածելուց հետո մի խորհրդավոր ժպիտ երևեցավ Մամոյի ճակատի վրա, և նա ուրախ֊ոլրախ կանչեց,․