Էջ:Collected works of Atrpet.djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամիսներում, ինչ տեսակ նոր-նոր մտքեր չէին աճում նրա գլխումը կյանքի, վայելքի, գոյության և ապագայի մասին․․․ Նա շատ անգամ խորասուզվում էր այդ մտածությունների ծովում և ժամերով, օրերով չէր կարողանում խաղաղության ափը հասնել․․․

Այսպիսի րոպեներում նրա մտքի առաջ ներկայանում էր իսկույն գոռոզ հայրը, որի առաջ խոնարհվում էին ոչ միայն թշվառ գյուղացիք, այլև շատ անգամ բեգերն ու պաշտոնականները։ Հիշում էր և հոր ձերբակալվելը, հայրական տան կործանումը և իրենց ստրկական վիճակը Սոնայի և Հասոյի դռանը։ Այս տեսարաններին հաջորդում էին այն սոսկալի անցքերը, որոնք պատահել էին իրենց հարևանների և շրջակա գյուղացիների հետ, և այս բոլորից հետո նա զգում էր կատարելապես իրենց վիճակի անապահովությունը, իրենց ամենազարհուրելի կացությունը։ Նա բավական կլիներ, եթե յուր մշակած հողի արդյունքից մի քսաներորդ բաժինը իրեն թողնեին, յուր երևակայած երջանիկ ընտանիքը խաղաղությամբ կերակրելու համար, բայց փորձը և մտածմունքները բերին նրան այն եզրակացության, որ ինքը մի կատարյալ ստրուկ է, որի ոչ միայն ինչքը, բոլոր աշխատության պտուղը պատկանում էր յուր տիրոջը, այլև ինքը, կինը, որդիքը, սերունդը կույր կերպով հնազանդվելու, ծառայելու և իրենց բռնակալ բեգի ամեն պահանջները կատարելու պարտավոր են։ Նա ծախված գերուց է՛լ սոսկալի էր գտնում յուր դրությունը, որովհետև փողով գնած գերու տերը, յուր փողի սիրուց ստիպյալ կերակրում, հագցնում և պատսպարում էր յուր գերիներին իրենց արժեքի համեմատ, բայց Մամո բեգը ոչինչ չէր կորցնի, եթե չգնած ստրուկներից մի քանի տասնյակներ սովից կոտորվեին։

ԺԲ

Մամոյի կինը, արաբի նման թխամորթ և կեղտոտ Ֆաթին, թեև մինչև վերջը համառացել, չէր գնում իրեն դավաճանող ամուսնու մոտ և չէր էլ տալիս զավակներին իրենց հորը, դիմադրելով