Էջ:Collected works of Atrpet.djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Արտաշ,- ասաց տերտերը բեգի մոտից դուրս գալով և Ամիրխանենց դուռը դիմելով,- արի ետ կեցիր այդ մտքից։ Մի ուրիշի կտաս Աննմանին, ինչի՞ ես այդ պատճառով զայրացնում բեգին, վախենում ես տա՞նը մնա քույրդ։ Բեգը համաձայն չէ, որ դու քրոջդ տաս այդ մուրացկանի տղին։

- Տերտեր, բավակա՛ն է, բավակա՛ն։ Դու էլ նրա եղանակով հերիք է պար գաս։ Հանդերս տիրեց, կայքերս խլեց, մալերս գրավեց, հերի՜ք է, խո հոգիներս էլ չի՞ կարող առնել։

- Ախր, որդի՛, «այն ձեռքն, որ չես կարող կտրել, պագ ու ճակատիդ դիր», ահա մեր մեծարանց խոսքը։

- Տերտե՛ր,, թե դու էլ ցնորվել ես, թե քու սրտից էլ դուրս է եկել ավետարանի խոսքը, այդ ուրիշ բան է, բայց ես կմորթեմ Աննմանին իմ ձեռքով և չեմ թողնի, որ նրա հոգին սևանա, թուրքանա, քրդի լաճին կնիկ դառնա։ Ես իմ ձեռքով իմ քրոջը չեմ տալ ջինգյանա Մամոյի ու Ֆաթոյի լամուկի ճանկը։

- Դու գիտես, որդի՛, բայց արի ինձ լսիր, մի թույլ տալ, որ մեծ իրարանցում, սրածություն գա մեր գեղի գլխին։ Մեկ Աննմանի պատճառով քանի՜-քանի՜ անմեղ, աննման տղերք ու աղջիկներ կարող են կոտորել բեգի մարդիկը։ Արի՛ դու քու ձեռքով զոհիր այդ մեկին ու ազատիր մնացող խեղճերին։ Բեգի տղեն խելռում է Աննմանի համար, նա յուր ընկերներով արյունով կողողե մեր գեղը, և դու պատասխանատու կմնաս առաջին աստծու և առաջին մարդկանց։

- Տերտե՛ր, տերտե՛ր, եթե ես թողնեմ, մենք թողնենք… Այսօր իմ քրոջս կտանեն, էգուց քու աղջիկը, մյուս օրը՝ դրացիինը և այդպես անվերջ կտանեն ու կտանեն։ Ո՛չ, ո՛չ, տերտեր, այդ ճանապարհը մեզ կջնջե աշխարհից, ավելի լավ է ես առաջ իմ քրոջս խեղդեմ, արյունաքամ անեմ, հետո տամ այդ անիծածի ձեռքը նրա սառած դիակը։ Ես իմ ձեռքով ողջ-ողջ չեմ հանձնիլ քրոջս անհավատին։

- Մեղքը քու վզին, ես իմս ասի, էլ չեմ խոսի,- ասաց հեռանալով ավետարանի անարժան աշակերտը։