Պոլսի ազգաբնակությունը գործելու մի ասպարեզ ուներ, որտեղ մարդիկ բոլորովին հավասարվում էին, որտեղ ամեն մի անհատ միևնույն իրավունքներն էր վայելում, որտեղ իրար չէին հարցնում, թե ինչ ծագումի էին պատկանում: Մշակ, արհեստավոր, վաճառական, վարժապետ, գրագետ, զինվորական, կալվածատեր, գրագիր, կրոնական,— ամենքն առաանց խտրության հավաքվում էին և միասին գործի կպչում: Այդտեղ անխտիր, բոլորը հավասար ձայնով ընտրում էին իրենց առաջնորդ կամ ուրիշ գործավարներ, այդտեղ արժանավորությունը ոչ թե փողի ու գիտության, այլ ֆիզիկական ուժի, խելքի ու ժրագլխության մեջ էր կայանում։ Այդ ասպարեզը թուլումբաջիությունն էր (հրշեջներ)։
Թուլումբաջիությունից խույս էին տալիս վախկոտները, թուլասիրտները և անզգաները, որոնք, հայտնի բան է, քաղաքի ազգաբնակության մեծագույն տոկոսն էին կազմում և որոնցից խորշում էին, ինչպես սոֆի յուլեմները (խստակրոն կղերը)՝ խոզի մսից։
Թուլասիրտ քաղաքացիների թուլումբաջիներից խորշելու պատճառն այն էր, որ առաջինները իրենց աներկյուղ ընթացքով միշտ սարսափի ու սրտադողի մեջ էին թողել վերջիններին։ Թուլումբաջիներն ինչպես աներկյուղ կրակն ու բոցն արհամարհելով՝ մտնում էին ծխալի տներ՝ երեխաներին, չափահասներին ու պառավներին դուրս բերելու, կրակից ազատելու թանկագին կահ-կարասիքը, անխնա քանդում էին հարևան