միակ զենքը՝ մահակը, բակը թողեց և հյուրանոցի սենյակի դռնից ներս մտնելով, շտկվեցավ գոմի կողմը։ Գոմից այնքան հանդարտ անցավ, որ ոչ մի անասուն տեղից չշարժվեց։ Այդտեղից մտավ ախոռը, մոտեցավ մղդսի Կյուրեղի որդու՝ դնդրոշ Մուքեի միակ պարծանք ֆարաշին (նժույգ-ձի՝ արաբական ընտիր տեսակից)։ Քյահլանը ճանաչում էր Եղիկին, ոչ մի անսովոր նշան չարեց, բայց Մուքեն ֆարաշի ոտքը բխովել էր և նրա չվանի կապը ղոչաղ տղի նման պատը ծակել, անցկացրել Էր յուր ննջարանը և գիշերները քնելիս մեջքովն էր կապում, որպեսզի ձիուն փորձանք պատահելիս իսկույն լսի, դուշմանների հախից գա ու ծաղրի չմատնվի ընկերների մեջ։ Մուքեի ննջարանի դուռը տան խոհանոցի կողմից էր, որտեղից անցնելը կարող էր տան մեծ ու պստկին ոտքի հանել։ Կամ պետք էր մի կերպ բխովը կոտրել ձին դուրս հանելու համար, կամ պատի ծակը մի քիչ լայնացնել, մտնել Մուքեի բարձի տակից բանալին դուրս բերել։ Եղիկը պառկեցավ ու փորձեց յուր փոքր մարմնով մի կերպ ներս սողալ այդ ծակից, բայց հնար չեղավ. գլուխը չէր մտնում, ճանկերին ու մատներին դիմեց, մի քար հանեց ծակի մի կողմից և ներս սողաց։
Մուքեն խորդալով հանգիստ քնած էր սենյակի մեջտեղը, հատակի վրա։ Եղիկը չորս կողմը պտույտ արավ՝ թաթերի ծայրին ման գալով, բանալին բարձի տակը չէր, սխալվել էր յուր ենթադրության մեջ։ Եղիկը զգուշությամբ ձեռքերը շուռ տվեց անկողնի չորս բոլորը, այնտեղ էլ չկար։ Մուքեի արխալուղի, շալվարի գրպաններում փնտրեց՝ չկար, չգտավ։ Մտածմունքի հետ քրտինքը պատեց Եղիկին, և նա հոգնածություն զգալով, հարբածի նման նստեց բղուղների տակի կոնգին։ Մի քիչ զովանալու հույսով ձեռքերը ետևը տարավ բղուղները շփելու, և հանկարծ մի թել դիպավ ձեռքին, որ քաշելուն պես բխովի բանալին մի դատարկ կարասի դիպավ և բավական բարձր ձայն բարձրացրեց։ Այդ ձայնը սոսկացրեց և սթափեցրեց Եղիկին, որը գանձ գողացողի նման պատրաստվեց գանձի տիրոջ հետ ցմահ կռվելու։ Բայց անտեղի էր նրա երկյուղը։ Մուքեն խաղաղ խորդում էր։ Քիչ սպասելուց հետո,