թուլումբաջիների խմբեր. քաղաքական կամ պետական խումբ սովորաբար չի պահվել։ Կ.Պոլսում պատահած զարհուրելի հրդեհների մասին տեղեկություն ունեցողը կհասկանա, որ առանց այդպիսի թաղական թուլումբաջիների խմբերի որքան դժվար կլիներ Կ.Պոլսի նման մի մեծ քաղաքում աղետների ժամանակ ազգաբնակության օգնություն հասցնելը: Նամանավանդ հին ժամանակները, երբ կատաղած ենիչերիները իրենց առաջնորդներից վրեժ լուծելու, կամքերը առաջ տանելու ուրիշ միջոց չէին գտնում, կրակի, հրդեհի օգնությանն էին դիմում։ Առաջ ենիչերիներ էլ եղել են այդ խմբերում, որով թուլումբաջիության անունը պոլսեցիներին է՛լ ավելի սոսկումի, սարսափի և սրտադողի մեջ է թողել։
Բայց և այնպես ժողովրդի հալածված մասը՝ արհեստավոր և օրական աշխատանքով հազիվ ապրողները, փողոցներում տեփուրը գլխին ձուկ, կանաչի, միրգ, թոք, ոտ ու գլուխ ծախողները միշտ հարգել են թուլումբաջուն, անընդհատ աշխատել են նրան օգնել, միշտ ձգտել են ժրաջանությունով մտնել այդ խմբերի մեջ, որն իրենց անվերջ պաշտպան է կանգնել ամեն տեսակ աղետների ժամանակ։
Այս իսկ պատճառով ենիչերական կոտորածից հետո էլ մնացել էր և մինչև վերջերս էլ կար թաղական թուլումբաշիությունը, և բուրժուազիան արհամարհանքով օրականով ապրողներին բոլորին տալիս է «թուլումբաջի» տիտղոսը, որը կրողներն իրենց մեծ պատիվ են համարում։
Ահա այսպիսի երկու հայկական թուլումբաջիական խումբ կային 1882 թվականներին Իսկյուտարի Սելամսըզ և Ենիմեհլե թաղերում, որոնք շնորհիվ իրենց առաջնորդների՝ Կաղ–Մքոյի և Կարճ–Նազարի ժրաջանության, իրենց հարևան թուրք, հույն և հրեա թուլումբաջի խմբերի նախանձն էին բորբոքում ։
Կաղ-Մքոն, որ սովորական մահկանացուներից չէր, Փարիզ, Լոնդոն և Ամերիկա տեսել, գլխում կուտակել էր գիտության մեծ պաշար և ս. Խաչ եկեղեցու թաղական ուսումնարանում տեսուչ էլ էր, Սելամսըզի թուլումբաջիների օջախի աոաջնորդության արժանացել էր յուր մի քանի տարվա ընթացքում