Էջ:Collected works of Atrpet.djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անգամ եթե յուր գյուղի համբաները, նախկին հայ-թուրք տերերը իմանային նրա բռնված լինելը, մի պատգամավորություն կուղարկեին, Մեմեգ բեգին կկաշառեին և մի կերպ նրան կախել կտային։ Եղիկը քիչ հույս ուներ չարչի Միրզայի վրա. նա էլ ինչպե՞ս իմանար, որ Եղիկը բանտարկված էր, կամ թե նա էլ յուր ընտանիքը թողած կմտածե՞ր Եղիկի մասին։ Երկնքի և երկրի տակ իրեն օգնելու պատրաստ մարդ չէր գտնում, իրեն համար տանջվող և մտածող երկու անզոր արարած կային, որոնք երկուսն էլ յուր պաշտպանության կարոտ էին, իսկ իրեն օգնելու անկարող։ Այդ թշվառները մայրն ու նշանածն էին, որոնք առանց Եղիկի, ողբով ու կոծով գերեզման էին իջնելու, և միայն Եղիկը կարող էր նրանց փրկել, երջանկացնել։

Երբեք Եղիկի աչքի առաջից չէր հեռանում Ասլիի պատկերը. նրա հրացայտ աչքերը մարած, արյուն արտասուքով լեցված, գլուխը կախած, վշտի քողը դեմքը պատած կանգնած էր նրա մտապատկերներում։ Այնքան հափշտակվում էր, այնքան վրդովվում Եղիկը, որ կարծես լսում էր սիրեկանի անվերջ հառաչանքները, հեկեկանքները և ողբաձայն մանիներն ու երգերը։ Մռնչում էր այդպիսի րոպեներում վանդակում կապված առյուծի նման, զարկվում պատերին, քաշքշում էր շղթաները, փոքրիկ միակ աչքը չռելով շուռ էր տալիս շուրջը և սթափվելով, հուսահատ ընկնում դարձյալ սալահատակի վրա՝ անզգա և անշունչ։

Ծերունի բանտապետը և բեգի հարճերը, նրա սոսկալի տանջանքներր տեսնելով՝ ցավում էին նրա վրա և ամեն կերպ աշխատում էին մխիթարել, ծածուկ կերակուր էին բերում նրան, թուլացնում էին տանջանքները, և բանտապետը շատ անգամ գիշերները չէր շղթայում նրա ձեռքերն ու վիզը։

Ժ

Մի օր բավական տաքություն ուներ Եղիկը։ Բանտապետը ծածուկ բեգի Հարճերից մեկին ապսպրել էր հավի ջրով, բրնձով մի լավ ապուր եփել, որ Եղիկը ուտելով բավական