Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հասնում էին, բայց իրար նույնպես նախանձում էլ էին։ Նախանձը բարի էր, և նրանք իրար հակառակ մեծացնում էին իրենց խմբերը, ուժեղացնում էին իրենց ջրհանները և հրշեջ գործիքները օրեցօր կատարելագործված տեսակներով փոփոխում, լրացնում և աշխատում էին ավելի կազմ ու պատրաստ լինելու՝ աղետի ժամանակ թշվառներին օգնության հասնելու դիտումով։

Կարճ֊Նազարի անունն ավելի հռչակվեց յուր նորակազմ խմբով և Եվրոպայից նոր բերել տված ջրհաններով ու գործիքներով՝ այդ օրերը Արշակյան գիշերօթիկ ուսումնարանում պատահած հրդեհի դեմ կատարած հարձակումով։ Այդտեղ, զարհուրելի բոցերի մեջ, այնպիսի քաջասրտությամբ շարժական սանդուխներից բարձրանում էր Կարճ-Նազարը և լուսամուտներից ներս մտնելով երեխաներին գրկում իջեցնում էր փողոց, որ սքանչացնում էր հազարավոր հանդիսականներին և արտասուքները սրբում, սրտերը խաղաղեցնում թշվառ ծնողների ու հարազատների։ Այդ գիշեր նրա խումբը այրվելուց ազատել էր յոթանասունուհինգ աշակերտի։ Այդ գիշեր նրա հսկայական շարժումները այնպես էին դրոշմվել ներկա եղողների սրտումն ու մտքումը, որ հավիտյան ջնջվելու չէր այդ հիշատակը նրանց հիշողություններից։ Այս հրդեհից հետո բավական նսեմացավ Կաղ֊Մքոյի աստղը։

Բայց և այնպես, Կաղ֊Մքոյի քունը կտրվում էր, երբ Կարճ֊Նազարը իրենից վաղ էր հասնում մի հրդեհված տան օգնության։ Կարճ-Նազարը նույնպես հանգստությունը կորցնում էր, երբ իրեն պատմում էին Կաղ֊Մքոյի մի նոր քաջագործությունը հրդեհի ընթացքում։ Բացի այս, Սելամսըզ թագը կպած էր Ենիմեհլեին, այնպես որ Կարճ-Նազարը և Կաղ–Մքոն Ենիմեհլեից անդամներ ունեին, և որովհետև թուլումբաջիների գործունեությունը սահմանափակված չէր միայն իրենց թաղերով, այլ ազատ, ով կարողանում էր առաջին անգամ մտնում էր հրդեհված փողոցը և գործի ձեռնամուխ լինում, մյուսն էլ հասնում էր օգնության, այդ պատճառով, անդադար մեկը մյուսից առաջնությունը խլելով, կատաղեցնում էին խմբապետներին։