Էջ:Collected works of Atrpet.djvu/409

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սուտ բեգերին, որոնք ոչխարը թողել փախել էին քու առաջից: Իմացա, թե դու ինչպես վրեժդ լուծում ես թշնամիներից։ Ինձ էլ այդ է հարկավոր, ե՛ս էլ, մե՛նք էլ ունենք թշնամիներ, մի օր, մի ժամ ֆրսանդ ընկներ ձեռքս, Ջավո բեգին, Աբդուլլահ էֆենդուն և Բեքիր աղայի արյունները խմեի, նրանց տղերքն էլ մեր օրը՝ քաղցած, մերկ, ուրիշների դռները գցեի, հետո մեռնեի։

— Այդ մարդիկը ձեզ ի՞նչ են արել։

— Հորս, պապիս, հավիս օջախները քանդել են, մեզ բոլոր կարողությունից զրկել… թողել ենք մեր պապերու գերեզմանները, մեր տներն ու մեր այգիք, եկել ընկել ենք Ղարս ողորմություն մուրալու։ Դեռ հելե…

— Ուրիշ էլ ի՞նչ։

— Չասվելու, չխոսվելու շատ ու շատ բան, որոնք քեզ ճանապարհին կասեմ։ Ողջ հայ, թուրք նախանձում էին մեր ունեցածին, հորս ապրանքների քարավանների մեկ ծայրը Տրապիզոն էր, մեկը՝ Թավրիզ, մեր սուրիները Հալեբ ու Շամ էին, նախիրները՝ Ղայսարի ու Անդյուրի… այդ բոլորը տարան, այդ բոլորի մ՛ասին երբեք էլ չեմ մտածում, բայց երբ միտքս է գալիս մորս գխուն խաղացած խաղերը, ինձ տված տանջանքները…

Եղիկը դառն մտածությունների մեջ ընկավ, նա զգաց, որ Մելոն էլ եթե ոչ իրեն չափ, գոնե իրեն նման տանջված էր և անհաշտ թշնամի էր էֆենդիների, աղաների, բեգերի, որոնք թունավորել էին չարչու ընտանիքի կյանքը։

— Ա՜խ, մեկ Բիթլիզ ընկնեինք, մեկ ես այդ անօրեններին ձեռքովս կտրատեի, նրանից հետո…

— Լա՛վ, Մելո, մի վախենալ, քանի որ հաստատապես միտքդ դրել ես վրեժդ լուծել, կհասնես նպատակիդ, այդ մասին խոսելդ գործը կխանգարե։ Գործողը գործը կկատարե, անելիքը չի խոսի։ Ձիերը պատրաստ են, թամբքերը զարկ, զենքերից լավերը ջոկե քեզ համար, կեսգիշերին ճանապարհ ընկնենք։