Էջ:Collected works of Atrpet.djvu/420

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եղիկը հարձակվեց նրանց վրա և մեկի ականջները կտրելով՝ ասաց.

— Գնա՜, Մեդեդ բեգիդ ասա, որ Քոռ-Եղիկը նրա իլխից երկու քյոհլանի պետք ունենալով, եկավ ջոկեց և տարավ, փոխարենը երկու ձի թողնելով։ Իսկույն երկու ընտիր նժույգներ ջոկեցին և իրենց ձիերի սարքը նրանց վրա դնելով, հեծան, ճանապարհ ընկան դեպի Չրփլի, որտեղից ջուրը զարկելով անցան ռուսաց սահմանը՝ արևը մայր մտնելուց քիչ հետո։ Ձիերն ընտիր էին և օրվա մեծագույն մասը Ղոշավանքի ձորում արածել էին, այնպես որ Եղիկը որոշեց այդ իրիկուն ևս հարձակվել Գալո քեհյի վրա և Ասլիին փախցնել:

— Անխոհեմ է մտադրությունդ,— ասաց Մելոն,— երկու գիշեր առաջ դուրս եկանք մենք Ղարաքիլիսայից անպատվությամբ, ուզում ես կրկին անպատվվելու գնա՞նք։

— Առավոտյան էլ եթե քու խոսքով գնայի, Մեդեդ բեգի իլխիից ձի չէինք դուրս բերելու, բայց տեսա՞ր ինչ քյոհլաններ ձեռք բերինք։

— Բերելը բերինք և ես վստահ էի բերելու մասին, միայն հետևանքը վատ է. այժմ Մեդեդ բեգը կատաղեց քեզ վրա։ Եթե մի օր ճանկն ընկնես՝ խեղդել կտա։

— Եթե կընկնեմ, թող խեղդել տա,— ասաց Եղիկը ձին մտրակելով,— գնանք։

Նրանք ուղղվեցին Ղարաքիլիսա և մեջգիշերին հասան գյուղի սահմանը։ Մելոյի սրտովը չէր, բայց Եղիկի կամքից դուրս գալ երբեք չէր էլ ցանկանում։ Հասան ավելի մոտ և երբ ուզում էին դեպի խրամատը ծռվել, մի քանի տեղից շներն սկսեցին հաչել։

— Հավա՜ր, հասա՜ն, օգնեցեք, Եղիկը վրա տվեց, հասեք, յաման հասեք, տղա՜ք, հասե՜ք,— քառասուն տեղից ձայն դուրս եկավ։ Գյուղացիք գիշերվա պահապաններ էին դրել Եղիկի ահից, և նրանք իսկույն ողջ գյուղը ոտքի հանեցին։

Երկու հոգով գյուղի վրա տալ և հարյուրից ավելի զինված, պատրաստված մարդկանց դեմ դնելը խելքի բան չէր. նրանց ճանկից փախչել ազատվելն էլ մեծ շնորհք էր։ Մութ գիշերը