Էջ:Collected works of Atrpet.djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ավելի լավ է մեն-մենակ մնալ, քիչ ուժով գործել, քան թե այնպիսի մարդկանցով շրջապատվել, որոնք, արտաքին փայլից շլանալով, պատրաստ են դավաճանելու։

— Ես համոզված եմ, որ մեր ժողովը թեև քչվոր, բայց օրինավոր է, քանի որ մենք մեր թաղեցիների, մեր դրացիների բարիքը մտածելու համար ենք հավաքված և աղետների առաջը առնելն է մեր նպատակը։ Կույր է ամբոխը, կույր են մեր թուլումբաջի ընկերները, որոնք թողնում են իրենց թաղի թուլումբաջիների դրոշակը և անցնում ուրիշների կողմը։ Բայց մենք էլ չենք կարող կուրանալ և թողնել այս սուրբ գործը։ Իմ հիվանդության ժամանակ թուլացել էր մեր գործը, այժմ ես առողջ եմ, կկպչեմ գործին, հույս ունիմ, որ շուտով մենք դարձյալ կզորեղանանք և անպատճառ կհաղթանակենք։ Ժամը արդեն տասն էլ անցավ, ավելորդ խոսակցությունը թողնենք, անցնենք գործին։

— Պարոննե՛ր,- ասաց Լալ-Մարգալը՝ լուրջ կերպարանք տալով իր դեմքին,— մեր խմբապետն արդեն կազդուրվել է, ևս խնդրում եմ, որ ինձ ժամանակավորապես հանձնված պաշտոնը ետ առնելով, դարձնեք նրան։ Ես պատրաստ եմ միշտ…

— Խնդրում եմ, խնդրեմ, պ. Մարգար, այդ հարցն առաջ բերելու ժամանակ չէ, մի՞թե այդ բանը կարևորագույնն է մեր այս գիշերվա գործի համար։ Դու կամ ես, մի՞թե միևնույնը չէ, մեզ համար գործն է կարևոր և ոչ թե գործող անունները։ Այդ հարցը դնելն ես ավելորդ եմ համարում բացակա ընկերների իրավունքները չբռնաբարելու համար։ Գուցե մեզնից մի ուրիշ արժանավորը կգտնեն։

— Բայց ձեր անունը, ձեր անունը նորից ուժ կտա խմբին, - ասաց Լալ-Մարգարը, իսկ Կաղ-Մքոն դարձյալ խոսքը կտրեց.

— Անուններին նշանակություն մի տաք, պարոննե՛ր, ես գործի մեջն եմ, այդ արդեն բավական է, խմբապե՞տ, թե ջրկիր, այդ միևնույնն Է։

— Առայժմ մնա այդ ընտրությունը,- ասաց Մանուկը և հարցը վերջացրեց։