Էջ:Collected works of Atrpet.djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մթնոլորտում իրար հրելով, հրմշտելով այնպես էին կարմրել, որ կարծես այտերը, ճակատները բոցավառվում էին, քրտինքները անվերջ քունքերից, ծոծրակներից ու ճակատներից գլորվում էին, և գոլորշին աննկատ բարձրանում էր նրանց գլխից:

Հանկարծ մի սեիդ ձիավորված դուրս եկավ մյուջթեհիդի բնակարանից և սկսեց գոռալ. - Ճանապարհ բացե՛ք, բացվեցե՛ք, ճանապարհ տվեք։ - Ամբոխն սկսեց քամու թեքած ցորենի ցողունների նման պառկիլ՝ սեիդին հետևող ձիավորներին ճանապարհ տալու համար, իրար ետ-ետ էին վռնդում այնպես, որ կարծես ձիավորները շոգենավի նման ծովը ճեղքելով առաջ էին գնում, իսկ ամբոխը ետ-ետ տատանվելով ալիքների նման պատերին էր խփվում։

Այդ հրմշտկոցն ավելի սաստկացավ, իրար սղմրտելուց և կոխկրտելուց թեև վայնասունն ու ճիչերը է՛լ ավելի սաստկացրին ժխորը, բայց ժողովուրդը առանց ուշք դարձնելու այդ աղաղակներին, բոլորի աչքերը հառած էին մյուջթեհիդի բնակարանի դռանը և սպասում էին անհամբեր, որ տեսնեն ոճրագործ քյալբալա Ղասըմին դուրս գալիս։

Թեև երկու֊երեք խումբ ձիավորված սեիդներ դուրս եկան կրոնապետի ապարանքից, դիմեցին Թոփ-Խանե ու վերադարձան, բայց դեռ չարագործին դուրս չէին բերում իր որջից։ Թեև մի քանի անգամ նաիբ-յուլ-հաքիմից մարդ եկավ մյուջթեհիդից խնդրելու, որ չարագործին կառավարության հանձնեն, որ նա պատիժը գործադրել տա, բայց ձեռնունայն հեռացան. շերիաթի պաշտոնյան չէր զիջանում, որ գործին միջամտի դիվանը։ Երկինքը իր հայտնություններով հպատակների (իսլամ) դատն ու դատաստանը հանձնել էր կրոնի պաշտոնականին, որի արարքը չէր կարող աշխարհային որևէ վարչության կամայականության ենթարկվել։

- Ախար, ի՞նչ է պատահել,- հարցրեց մի ծերունի, խառնված բազմության մեջ, իրեն խոսակից մուսուլմանին,- ի՞նչ մեղք է գործել քյալբալա Ղասըմը, որ մյուջթեհիդի պատուհասին է արժանացել։

- Էլ ի՞նչ պիտի աներ,- պատասխանեց խոսակիցը,-